ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվել. Խոսքն այս անգամ նաեւ Նաիրա Զոհրաբյանի մասին է
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/2338/03/23380373.jpg)
Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որեւէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։
Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։
Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետեւյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:
Խոսակցություններից պարզ է դառնում նաեւ, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինեու հետեւանքով՝ իրենց կուսակցությունն այլեւս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։