Էդմո´ն, գիտե՞ս որն է քո ու Հրայրի տարբերությունը.երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը

Նա գրել է. «Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։
Դու այսօր ունեիր ընտրություն: Իսկ ընտրությունը պետության ու պետության թշնամու միջև էր: Դու ընտրեցիր երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը: Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։
Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու Սահմանադրական դատարանի մյուս դատավորները չտրվեցին շանտաժի, չվախեցան խելագարի սպառնալիքներից ու հիստերիկ նոպաներից, չտրվեցին էժան մանիպուլյացիաների: Գիտե՞ս ինչու, որովհետև նրանք արժանապատվություն ունեն:
Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա´մ դու խելագարի հետ ես կա´մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում:
«Լուսավոր Հայաստանի» հարգարժա´ն անդամներ,
եթե ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր դեռ ընդունում են ոչ թե Փաշինյանի ֆեյսբուքյան, այլ իրական իրականությունը, ապա դարձե՛ք ընդդիմություն։ Իրական ընդդիմություն: Դո՛ւրս եկեք կործանարար իշխանությունից, կանգնե´ք ժողովրդի կողքին։ Ժողովուրդը շնորհակալ կլինի, մենք էլ ձեզ՝ խոնարհ ծառա։ Դուք դեռ շանս ունեք հրաժարվել գլխիկոր ապագայից:
Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:
Երանի հոգով ուժեղներին»: