80 կողմ, 1 դեմ. ԱԺ–ն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները

Քվեարկությանը, ինչպես և առավոտյան` առաջին ընթերցման ժամանակ, ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Նշենք, որ ՍԴ երեք դատավորները` Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կենսաթոշակ կստանան` ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով։ Բացի այդ, ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումների հերթականությունը կփոխվի. նախ առաջադրում կանի կառավարությունը, հետո՝ ՀՀ նախագահը, այնուհետև` դատավորների ընդհանուր ժողովը։
ՍԴ երեք դատավորների առաջադրումները պետք է կատարվեն երկամսյա ժամկետում` հունիսի 27-ից սկսած։ Իսկ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։
Նույն օրենքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։