Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

14 հուլ 2020 11:35

Երեխաների առուվաճառք կատարելու համար ՀՀ–ում հանցավոր խումբ է ստեղծվել. նոր բացահայտումներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի գործով նոր բացահայտումներ են կատարվել: Դրանք վկայում են, որ երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ Հայաստանում ստեղծվել և ղեկավարվել է մի ամբողջ հանցավոր խումբ:


Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած` օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից ու որդեգրման համար դիմած անձանցից դեպի Հայաստան սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում այդ ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն արդեն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։


Քննության տվյալներով 2005-2019թթ. ընթացքում 114 հայազգի երեխայի որդեգրման դիմաց հանցավոր խմբին է փոխանցվել ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար: Ընդ որում` 2007թ.-ից սկսած` որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ անթաքույց նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:


2010-2019թթ. ընթացքում միայն որդեգրման ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը որդեգրողներից իր բանկային հաշվեհամարին ավելի քան 1.290.000 եվրո գումար է ստացել՝ ձևակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:


Իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար տարբեր անձանց և նպատակներով նշված փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, ավելի քան 402.000 եվրո էլ կանխիկացրել է՝ որպես նպատակ նշելով «անձնական կարիքների համար»:


Այդ անձի մտերիմներից մեկը նույն գործընթացում իտալական կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաև նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Այնուհետև հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաև կատարել է անձնական վճարումներ:


Այս կերպ փոխարկելով և փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում:


Օտարերկրացիների կողմից հնարավորինս շատ հայ երեխաների որդեգրումներ կատարելու ու դրանից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով հանցավոր խմբում ընդգրկվել են հայաստանյան ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մանկատների, տեղական ինքնակառավարման և պետական այլ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող և խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք:


Ծննդատների աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որ երեխաների կենսաբանական ծնողները մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ հանցավոր խմբում ընդգրկված պետական մարմինների պաշտոնատար անձինք նպաստել են, որ որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում կազմելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։


ՀՀ կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման և Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել՝ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար:


Վերը նշված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունն
երի ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:


Նախաքննությունը շարունակվում է:


Հիշեցնենք` խոսքը ՀՀ նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ կապված քրեական գործի մասին է:


Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք էր առաջադրվել երեք անձի, այդ թվում՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին և Ռազմիկ Աբրահամյանին։


Բացի այդ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ առողջապահության փոխնախարար, մոր և մանկան առողջության պահպանման աշխատանքները և առողջապահական համակարգի ֆինանսավորումը կազմակերպող Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:


Այս քրեական գործն արդեն դատաքննության փուլում է: Վերջին դատական նիստում ցուցմունք էր տվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր