Թուրքիան կոնկրետ քայլեր չի անի, քանի որ նրա ակտիվացումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
«Ադրբեջանական հզոր բանակի միֆն ամբողջությամբ ջախջախվել է հաշված ժամերի և օրերի ընթացքում»,- ասուլիսում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նա Ադրբեջանի նախագահին հորդորեց թայմաութ վերցնել, որպեսզի կարողանա պատասխանի անհաջողությունների վերաբերյալ իր երկրի ներսում հնչող հարցերին:
Պատգամավորի խոսքով, որքան էլ Ադրբեջանը զորավարժություններով փորձում է իր զինված ուժերի դեմքը փրկել, այն ավելի շուտ շոուի որոշակի էլեմենտներ է պարունակում, նույն նպատակին են ծառայեցվում նաև տարբեր երկրներում ադրբեջանական համայնքի սադրիչ գործողությունները:
Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ մինչև Տավուշում անհաջող գործողությունների դիմելը, արձանագրվում էր ադրբեջանական քաղաքական, ռազմական ղեկավարության հռետորաբանության սրացում, կոշտ հայտարարություններով հանդես գալու դեպքեր: Բանակի անհաջողությունը կոծկելու, քողարկելու համար Ադրբեջանը, ըստ պատգամավորի, փորձեց հերթական անգամ հակահայկականության գործոնն ասպարեզ բերել, որի շրջանակներում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը տեղի ունեցան հակահայկական ցույցերը:
Պատգամավորը շեշտեց, որ ցույցերի հետևանքով ձերբակալվեցին ընդդիմադիրներ, որոնք չէին մասնակցել դրանց, ինչը նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունը բախումն օգտագործեց ներքաղաքական հաշվեհարդար իրականացնելու նպատակով:
Նրա խոսքով, Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսելը խիստ պատժի է արժանանալու:
Տաթևիկ Հայրապետյանը նկատեց, որ ռազմական անհաջողությունների համար պատասխան տվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, բայց նրա գլխին սև ամպերը վաղուց էին կուտակվել:
Ըստ պատգամավորի, Ալիևը շատ մեծ սխալ թույլ տվեց՝ ամբողջ մեղքը բարդելով դիվանագիտական աշխատանքի վրա, մեծ վնաս տվեց իր արտաքին քաղաքական կորպուսին, որը Հայաստանի համար այնքան էլ վատ չէ:
Հայրապետյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի հանրությունը քննարկում է պարտությունների պատճառները՝ հակառակ Ալիևի պնդմանը, թե իրենք հաղթել են:
Անդրադառնալով Թուրքիային՝ ԱԺ պատգամավորը նկատեց, որ վերջինս հստակ դրսևորվեց, որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով և հայտարարություններով, որոնց պետք է պատրաստված լինենք:
Տաթևիկ Հայրապետյանը, համոզմունք հայտնեց, որ Թուրքիան կոնկրետ քայլեր չի անի, քանի որ նրա ակտիվացումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
«Այն պարագայում, երբ Արդբեջանն ու Թուրքիան հայտարարում են, որ պատրաստվում են տարածաշրջանում հարցեր լուծել՝ հիմքում դնելով էթնիկության գործոնը՝ պանթուրքիզմը, ապա այդ պարագայում այն սպառնալիք է տարածաշրջանի մյուս երկրների համար»,- նկատեց պատգամավորը:
Բանախոսը դրական գնահատեց, որ Տավուշում իրավիճակի սրացման ժամանակ հայ հանրությունն անվերապահորեն հավատում էր հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը, իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հակասական հայտարարություններն ադրբեջանցիներին ստիպեցին հետևել տեղեկատվության հայկական աղբյուրներին: