Տեսանյութ.Բելառուսի հատուկ ջոկատն այլևս գոյություն չունի. հատուկջոկատայիններն իրենց համազգեստներն ու տարբերակիչ նշանները նետում են աղբամանը

«Ես շատ եմ ամաչում այն բանի համար, որ ծառայել եմ զորքերում, որոնք այժմ ծեծում և տանջում են մարդկանց»,-տեսանյութերից մեկում ասում է նախկին զինծառայողը:
«Ես երդում եմ տվել պաշտպանելու իմ ժողովրդին, և ամաչում եմ, թե ինչպիսի անօրինություն է այժմ կատարվում»,-ասել է ևս մի զինծառայող:
«Բելառուսական եղբայրությունը, Բելառուսի հատուկ ջոկատն այլևս գոյություն չունի»,-հայտարարել է մեկ այլ զինծառայող:
«Ես չեմ կարող հպարտանալ նրանով, թե որտեղ եմ ծառայել, չեմ կարող կրել այս համազգեստը և պահել այն տանը»,-ասում է մեկ ուրիշը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: