Այսօր իբր հայ-ադրբեջանական սահմանին «հայկական սադրանքի» հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ

Կիրակի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ՀՀ զինված ուժերին պատկանող մարտավարական անօդաչու թռչող սարք են խոցել: Իսկ այսօր` սեպտեմբերի 21-ին, նույն գերատեսչությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին «հայկական սադրանքի» հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Էլշան Մամեդովը:
«Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` մեկնաբանելով ԱԹՍ խոցելու լուրը։
Նա անդրադարձավ նաև ադրբեջանցի զինվորականի մահվանը վերաբերող տեղեկությանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին, նման ինֆորմացիա չունենք», - ասաց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, գտնվելով մարտական դիրքում, մահացու վնասվածքներ էր ստացել ադրբեջանական սադրանքի հետևանքով: