Կովկասում Թուրքիային ավելի խիստ փորձություն է սպասվում. ո՞՚րն է Էրդողանի՝ իր դեմքը փրկելու հույսը
![](https://armenpress.am/static/news/b/2020/03/1007531.jpg)
Հոդվածագրի խոսքով՝ Թուրքիան շարունակաբար խուսափել է Ռուսաստանի հետ առճակատումից, սակայն Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է։
«Թուրքիան և Ադրբեջանը կապված են ոչ միայն պատմությամբ, կրոնով և լեզվով, այլև նավթամուղերով և գազատարներով, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Էրդողանի՝ Թուրքիան Կասպից ծովի և Եվրոպայի միջև անփոխարինելի էներգետիկ միջանցք դարձնելու ձգտման համար: Թուրքիան հետևողականորեն պաշտպանում է Ադրբեջանի նկրտումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- գրում է աղբյուրը։
Ինչպես նշում է հոդվածագիրը, թուրքական աջակցությունը պարզապես հռետորաբանություն չէ։ Երկրները համատեղ զորավարժություններ են անցկացրել անցյալ ամիս, թուրքական զորքերը գտնվում են Ադրբեջանի ռազմակայանում և հասանելիություն ունեն այնտեղ գտնվող ավիաբազային։
«Պուտինը, կարծես, ձգտում է երկու երկրներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և ձեռնպահ է մնում մարտական գործողությունների մեջ երկու կողմերին մեղադրանքներից: Բայց կարելի է վստահաբար ասել, որ նրան դուր չի գա իր դաշնակցի հռետորական պատասխանները, և նա չի հանդուրժի թուրքական ռազմական միջամտությունը»,- կարծում է հոդվածագիրը։
Հոդվածագրի խոսքով՝ «Պուտինի աչքից չի վրիպում այն, որ Էրդողանի ռազմական ներկայությունը տարածվում է Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան մասում»։
«Կովկասում Պուտինը կարող է իրեն թույլ տալ ավելի երկար խաղ վարել։ Չնայած Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությանն ու թուրքական օգնությանը՝ Ադրբեջանը բախվում է ծանր ճակատամարտի՝ տառացիորեն հայկական դիրքերի դեմ։ Ռուսաստանի նախագահը գիտի, որ պատերազմող կողմերն անխուսափելիորեն կդիմեն նրան մարտական գործողություններից ելք գալու համար: Ռուսաստանը միակ խոշոր տերությունն է, որը միաժամանակ շահագրգռված է Կովկասում կայունության հարցում և պատրաստ է պարտադրել այդ խաղաղությունը»,- նշել է հոդվածագիրը։
Նա նաև նշում է, որ «Կովկասում ներկայությունը Թուրքիայի տնտեսությունը ծանր իրադրության մեջ կդնի, որն առանց այդ էլ ծանր վիճակում է։ Ադրբեջանա-հայկական պատերազմում երկրի ներգրավման հնարավորության պատճառով Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի»։
Ինչպես նշում է հոդվածագիրը, Էրդողանին ավելի դժվար կլինի զիջել դիրքերը։ Էրդողանի՝ իր դեմքը փրկելու հույսն այն է, որ Պուտինը նրան տեղ կտա բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց դա կարող է Թուրքիայի առաջնորդից զիջումներ պահանջել այլ ոլորտներում, որտեղ նա հակասության մեջ է Մոսկվայի իր «թանկագին ընկերոջ» հետ։