Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

07 հոկ 2020 11:35

ԱՄՆ-ում մտահոգված են Թուրքիայի՝ ՌԴ-ից ձեռք բերած Ս-400-ը փորձարկման ծրագրերի մասին տեղեկություններով

ԱՄՆ իշխանությունները տեղյակ են այն տեղեկություններին, որ Թուրքիան կարող է առաջիկայում Սեւ ծովի ափին ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) փորձարկումներ անցկացնել, եւ խորապես մտահոգված ենք այդ տեղեկություններով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք տեղյակ ենք այդ իրադարձություններին։ Մենք շարունակում ենք կտրականապես առարկել Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման դեմ եւ խորապես մտահոգված ենք այն տեղեկություններով, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը՝ ուղղված Ս-400-ի շահագործմանը»,- ասել է նա։

«Մեր կողմից F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության կասեցումը՝ ի պատասխան Ս-400-ի ձեռքբերման, ցույց է տալիս այս հարցին վարչակազմի մոտեցման լրջությունը։ Մենք շարունակում ենք ամենաբարձր մակարդակով ընդգծել, որ Ս-400-ի գնումը երկկողմ հարաբերություններում եւ ՆԱՏՕ-ում կարեւորագույն խոչընդոտ է, ինչպես նաեւ այն, որ գոյություն ունի CAATSA-ի [«Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» ամերիկյան օրենք] շրջանակում պոտենցիալ պատժամիջոցների հավանականություն»,- հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։ «Մենք վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հասկանում են մեր դիրքորոշումը»,- շեշտել է դիվանագետը։

Երեքշաբթի Yeni Akit պարբերականը հայտնել էր, որ Թուրքիան կարող է առաջիկայում Սեւ ծովի ափին անցկացնել Ս-400-ի փորձարկումներ։ Թուրքական պարբերականը տեսակադրեր էր հրապարակել, որոնցում, ըստ պարբերականի, Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ համակարգի մի մասը Սամսունով տեղափոխվում է երկրի հյուսիս՝ Սինոփ նահանգ։ Պարբերականը Ս-400-ի վերատեղակայումը կապել է Սինոփի օդային տարածքը փակելու իշխանությունների իրազեկման հետ, որը կարող է պայմանավորված լինել պատրաստվող փորձարկումներով։

Սեպտեմբերի կեսին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հանրապետությունում Ս-400-ը դեռեւս չի գործարկվել մարտական հերթապահության համար։ Չնայած ավելի վաղ Անկարայում հայտարարում էին, որ Թուրքիայում Ս-400-ը շահագործվելու է 2020 թվականի ապրիլին։ 2017 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկրային Ս-400 համալիրների մատակարարման շուրջ։ ՆԱՏՕ-ի երկրներից Թուրքիան առաջինն է ՌԴ-ից այդ համակարգերը ձեռք բերել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր