Տեսանյութ.Հայկական ԶՈՒ-երի կողմից ոչնչացված ադրբեջանական զորամասը հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է

Աղբյուրի հաղորդմամբ՝ հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։
Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը և պահեստը։ Razm.Info-ի հրապարակած արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։
Թշնամու զորամասի կորդինատները.
40° 5'30.63"N
47° 3'46.02"E
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
