Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

24 հոկ 2020 14:24

Ինչպիսին է իրավիճակը պետական սահմանին. Արտակ Դավթյան

Ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքի վերաբերյալ պարբերաբար պաշտոնական տեղեկատվություն է տարածվում, ինչը թույլ է տալիս ընդհանրական պատկերացում կազմել ռազմական գործողությունների մասին:


Սակայն ճակատամերձ Սյունիքում, որ հերոսական Արցախի թիկունք-ամրոցն է, ժամանակ առ ժամանակ հարցեր են ծագում, որոնք մտահոգում են մարզի բնակչությանը եւ կարեւոր են երկրամասի առօրյան պատերազմական դրությանը համահունչ կազմակերպելու համար:


Նման մի շարք հարցերի պարզաբանման նպատակով էլ քիչ առաջ հանդիպեցինք Սյունիքի պաշտպանական աշխատանքները համակարգող, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:


Հանդիպումը սկսեցինք այլեւս նահատակ Դավիթ Մաթեւոսյանի մասին զրույցով, ով Արցախյան առաջին պատերազմում Մեղրու տարածաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, այնուհետեւ՝ Սյունիքի փոխմարզպետը, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր:


Դավիթ Մաթեւոսյանը զոհվել է մարզի հարավային սահմանամերձում՝ մարտական հանձնարարություն կատարելիս, ինչի համար եւ ներկայացվել է պետական պարգեւի:


-Ցավակցում եմ Դավիթ Մաթեւոսյանի, ինչպես եւ հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հայրենակիցների հարազատներին ու մերձավորներին, - ասաց Արտակ Դավթյանը:


Այնուհետեւ նա պատասխանեց մեր հարցերին:


***


-Պարոն Դավթյան, նախ կուզենայինք իմանալ Սյունիքի մարզում ինքնապաշտպանական ուժերի համախմբման ընթացքի մասին, որն օրեր առաջ կարեւորվեց պետական ամենաբարձր մակարդակով եւ որը, ըստ էության, թելադրված էր պատերազմական գործողությունների ներկա ընթացքով:


-Սահմանամերձ բոլոր բնակավայրերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ: Նրանց խնդիրները հստակեցվել են: Նաեւ նշանակվել են պատասխանատուներ, ովքեր համագործակցում են ռազմական կառույցների հետ:


Ինքնապաշտպանական ջոկատներն ապահովված են բոլոր այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրները կատարելու համար:


Այդ ջոկատներն արդեն իսկ իրականացնում են միջոցառումներ, որոնք նպաստում են մեր զինված ուժերին՝ կատարելու իրենց խնդիրները:


Կարող եմ փաստել՝ մարզի բնակչության շրջանում կա այդ ամենի պատշաճ գիտակցում, իսկ ջոկատներում՝ իրենց տեղի ու դերի, նաեւ խնդիրների հստակ ըմբռնում:


Միեւնույն ժամանակ՝ կան բնակավայրեր՝ ոչ սահմանամերձ, որտեղ դեռեւս չեն հասկացել պահի ու խնդրի լրջությունը՝ համարելով, որ դա իրենց գյուղին չի առնչվում, քանզի գյուղը սահմանից հեռու է:


Անտարակույս, սխալ մտածելակերպ է. երկիրը ճակատագրական օրեր է ապրում, եւ առկա խնդիրները վերաբերում են ամեն մի բնակավայրի ու յուրաքանչյուր քաղաքացու, ինչը, կարծում եմ, նկատի կունենան այդ գյուղերում:


- Եվ, այդուհանդերձ, փորձենք եւս մեկ անգամ հստակեցնել՝ ո՞րն է մարզի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը ներկա իրավիճակում, երբ Սյունիքի սահմանների մատույցներում կենաց-մահու մարտեր են տեղի ունենում:


- Այսպես ձեւակերպեմ՝ նպաստել զինված ուժերին՝ արժանապատվորեն կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները:


- Այն, ինչ տեղի է ունենում մարզի արեւելյան սահմանների մերձակայքում, հասկանալի է, բայց Սյունիքը Ադրբեջանին սահմանակից է նաեւ արեւմտյան կողմից. ինչպե՞ս կբնութագրեք օպերատիվ վիճակը նախիջեւանյան հատվածում:


- Իրավիճակը պետական սահմանի այդ հատվածում կայուն է, համենայնդեպս վերջին շրջանում տվյալ ուղղությամբ որեւէ կրակոց եւ սահմանախախտում չի ֆիքսվել:


- Համագործակցո՞ւմ եք Ռուսաստանի Դաշնության՝ Մեղրիում տեղաբաշխված սահմանապահ ջոկատի հետ, արդյո՞ք  Հայաստան-Իրան պետական սահմանի պաշտպանությունից զատ այլ գործառույթներ չունի այդ զորամասը:


- Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատը շարունակում է կատարել իրեն վերապահված գործառույթները՝ համաձայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համապատասխան պայմանագրի: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, քննարկում ենք նաեւ համագործակցության հարցեր:


- Մի քանի անգամ արդեն Գորիսում, Կապանում եւ Մեղրիում օդային տագնապ է հայտարարվել…


Հանրությանը հետաքրքրում է քաղաքացիական պաշտպանության օբյեկտների վիճակը. նկատի ունենք հատկապես ապաստարանները. հավանաբար հասցրել եք ծանոթանալ…


-Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել եւ կատարվում:


Շատ կարեւոր է սյունեցիների փորձն այդ տեսակետից. 1990-ականների պատերազմի ժամանակ Սյունիքի քաղաքներն ու գյուղերը բազմիցս հրետակոծվել են, ենթարկվել հակառակորդի օդային հարձակումների, ու մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է պաշտպանվել նման դեպքերում:


Պարզապես բնակչությունը պետք է զգոն լինի եւ հետեւի իրադարձությունների ընթացքին:


- Սխալված չենք լինի, եթե արձանագրենք մարզի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հատկապես բնակչության հետ Ձեր աշխատակազմի համագործակցության կարեւորությունը, ի՞նչ կասեք այդ առումով:


- Առաջին իսկ օրվանից, երբ անցել եմ պարտականություններիս կատարմանը, Ձեր նշած պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ պատշաճ համագործակցության մթնոլորտ է ձեւավորվել:


Նույնը կարող եմ ասել բնակչության հետ համագործակցության տեսակետից: Ի դեպ, մարզի բնակիչներն պատերազմական այս օրերին չափազանց զգուշավոր եւ զգայուն են դարձել, որը կարեւոր եւ անհրաժեշտ հանգամանք է: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում երբեմն-երբեմն նկատվող անծանոթ մարդկանց եւ ոչ սովորական երեւույթների մասին, որ բնակչության զգոնության մասին է վկայում: Ստացված տեղեկություններն օպերատիվ կարգով ստուգվում են եւ համապատասխան ընթացք ստանում:


Նաեւ այդ առումով շնորհակալություն եմ հայտնում մարզի բնակչությանը եւ ակնկալում հետագա համագործակցություն:


-Մի երեւույթի ենք պարբերաբար ականատես լինում, որ շրջանցել չենք կարող. հանրապետության տարբեր վայրերից անընդհատ մարդիկ են ժամանում Գորիս եւ փորձում տեղեկություններ ստանալ ռազմաճակատում գտնվող իրենց հարազատների կամ մերձավորների մասին: Եվ, որքանով տեղյակ ենք, հատկապես դիմում են Ձեր գրասենյակ:


-Մտահոգիչ հարց եք բարձրացնում, մինչդեռ մենք նման տեղեկությունների ի պաշտոնե չենք տիրապետում եւ, առհասարակ, մարզում որեւէ կառույց այդպիսի տեղեկատվության չի տիրապետում ի պաշտոնե:


Ինքս էլ ցավ եմ ապրում, երբ ծնողները գալիս-հասնում են այստեղ, ու մենք չենք կարողանում նման հարցերում օգտակար լինել նրանց:


Խնդրանքս է հարգարժան այդ մարդկանց՝ այդպիսի հարցերով նախեւառաջ դիմել  զինկոմիսարիատին, որտեղից տվյալ անձը զորակոչվել է: Կարող եք դիմել նաեւ այդպիսի գործառույթներ իրականացնող ծառայություններին՝ թեժ գիծ, վստահության գիծ եւ այլն:


-Պատերազմը՝ պատերազմ, բայց կյանքը շարունակվում է եւ պետք է շարունակվի, քանզի վաղվա օրն էլ մերն է լինելու, Սյունիքը շարունակելու է մնալ պատվար պատերազմող Արցախին, ինչպես այսօր է, ինչպես եղել է դարեր շարունակ:


-Այո, կյանքն ընթանում է, եւ հաճելի է նկատել, որ պատերազմական դժվարին պայմաններում մարզում լայն թափով ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Անշուշտ, դա վստահություն է ներշնչում վաղվա օրվա հանդեպ: Դա նաեւ վկայում է, որ պետական կառույցները թիկունքում գործում են բնականոն:


Ավելին կարող եմ ասել՝ առջեւում ձմեռ է, եւ մարզի բնակչությունը պետք է հասցնի պատրաստվել ձմռանը, ջեռուցման եւ վառելափայտի խնդիրներ լուծել, տարվա այդ շրջանին բնորոշ մյուս հարցերը կարգավորել:


-Մարզի ճանապարհներին կատարվող աշխատանքներն իսկապես ոգեշնչող են, բայց  վերջին օրերին ասեկոսեներ են պտտվում Գորիս-Կապան ավտոմայրուղու որոշ հատվածների մերձակայքում առաջ եկած ռիսկերի մասին:


-Նման խոսակցությունների համար որեւէ հիմք չկա:


Առհասարակ մարզի ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ճանապարհների, որեւէ խնդիր չկա: Բոլոր ենթակառուցվածքներն աշխատում են լիարժեք, ինչն էլ մարզի եւ ընդհանրապես թիկունքի կայունության երաշխիքներից է:


Մի դիտարկում էլ՝ թիկունքի հետ կապված. պատերազմական իրավիճակը ցույց տվեց խոշորացված համայնքների արդյունավետությունը: Նման համայնքներում ավելի դյուրին է ստացվում ե՛ւ ռեսուրսների կենտրոնացումն ու բաշխումը, ե՛ւ ինքնապաշտպանական գործունեության հետ կապված հարցերի լուծումը:


-Պարոն Դավթյան, բավարարվենք այսքանով՝ ակնկալելով նոր հանդիպումներ՝ իրավիճակին համահունչ: Իսկ այս հարցազրույցի համար՝ շնորհակալություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր