«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը». հարգելի տղամարդիկ, մի դարձրեք կնոջ կերպարը խոցելի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«#Կարևոր
Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ և որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ-որ բան անել և, քանի որ հանրային դեմք է վերջին տարիներին միշտ կամ քննադատվում է կամ գովաբանվում: (Վերաբերմունք չեմ հայտնում, քանի որ նպատակահարմար չեմ գտնում):
Ինչո՞ւ նախաբան գրեցի, քանի որ գիտե՛մ, կարդալուց հետո պետք է ասոցացնեք երեկ և այսօր համացանցում տեղ գտած երկու գրառումների հետ, բայց ես կխոսեմ այդ գրառումներից առաջացած հետևանքների մասին:
Հարգելի՛ հայեր, որքան էլ սիրեք մի հայ կնոջ և չսիրեք մյուս հայ կնոջը, չի կարելի լինել այսքան անզուսպ մեկնաբանություններում, քանի որ դուք խոսում եք երկրի վարչապետի կնոջ մասին կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին, երկրորդ՝ իրենց կամքն է գնալ առաջնագիծ, թե ոչ և վերջապես այո՛, պատրաստվում են շատերը գնանլ, քանի որ կա աղջիկների մեկ այլ ջոկատ ևս և կամավորագրված 1000–ից ավել կանայք և աղջիկներ, որոնք ի դեպ կամավորագրվել են շատ ավելի վաղ, քան այսքան աղմուկ հանած «Էրատո » ջոկատն էր:
Հաջորդը ՝ սիրուն չէ, երբ մի երևույթը համարում ենք սխալ և ոչնչացնում ենք ամեն ինչ, այո՛, «Էրատո » անունը, մանավանդ, եթե հայ թագուհու անունն է ընտրված, ապա այնքան էլ հարմար և օրինակելի կերպար չէ, բայց անունը չհավանելով՝ չի նշանակում, որ հայ կինը ոչինչ չունի սահմանում անելու ու թող մնա տանը սպասի ամուսնուն: Ո՛չ, համաձայն չեմ, թե՛ հայ կինը, թե՛ հայ տղամարդը պետք է այսօր լինեն այնտեղ, որտեղ ամենաշատը կարիքը կա և եթե պետք է, ապա նաև սահմանին:
Հետո, հայ կնոջը ավելի սազական է սահման գնա՞լը, թե՞ համացանցում տարբեր նյութերի տակ հայհոյանքախառը մեկնաբանություներ թողնելը: Ես ընտրում եմ սահման գնալը և կսատարեմ որքան պետք է:
Եվ վերջապե՛ս, հարգելի հայ տղամարդի՛կ, էդ որ ի՜նչ ասես գրում եք սահման գնացող հայ կանանց մասին, բա դուք չեք ամաչո՞ւմ և չեք գիտակցում, որ դուք պետք է լինեիք այսօր սահմանին շատ հայ կանանց տղաների, ամուսինների, եղբայրների ու հայրերի կողքին: Թե՞ համացանցում «արծիվ» եք խաղում, բայց մի ճնճղուկի ոգի էլ չունեք:
Շարքը կարող եմ երկարացնել, բայց չե՛մ անի: Խնդրում եմ վերջ տվե՛ք այս քննարկումներին, քանի որ առհասարակ այս թեման երկու կողմերով էլ խոցելի է դարձնում հայ կնոջը: Այս հարցին ավելի ուշ ավելի երկար կանդրադառնամ, բայց հիմա խնդրանքս է, մի գտեք թեմաներ և ամբողջ օրը պառակտվեք: Բաներ կան, որ պետք է կարդալ և լուռ խորհել, սա այդ դեպքերից է և երկու կանայք էլ իրենց տեսանկյունից ճիշտ են , բայց մեկնաբանությունները մեղմ ասած քայքայիչ:
Երեկ ամբողջ համացանցը խոնարհումն էր հայտնում մի քանի օր առաջ իր մեկ ամյա երեխայի մոտ մի քանի օրով վերադարձած հետախույզ կնոջ տեսանյութի տակ, այսօր բոլորը կոչ են անում մնալ տանը: Ամեն մեկս մի բան պետք է անենք , բայց ոչ պառակտվենք, երկար մտածեք:
Հաճախ պետք է հիշեցնեմ այս տողերը.
«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը» Գարեգին Նժդեհ:
#Հաղթած»։