Տեսանյութ. Համոզված եմ, ունեմ ապացույցներ, որ Շուշին, համաձայնագիրը ստորագրելու պահին՝ նախքան Ադրբեջանի դրոշի օրը, չէր գրավվել ռազմական ճանապարհով
Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին, այդ թվում՝ նախքան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հրապարակումը Շուշիում տեղի ունեցած դիմակայությանը և դրանից հետո կատարվածին:
«Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ գիտեմ, համոզված եմ, ունեմ ապացույցներ, որ Շուշին, համաձայնագիրը ստորագրելու պահին՝ նախքան Ադրբեջանի դրոշի օրը, չէր գրավվել ռազմական ճանապարհով: Շուշիում գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները»,-ընդգծել է նա:
«Ինձ նաեւ հայտնի է, որ ամրոցում՝ բանտի մերձակայքում, քաղաքի այդ հատվածում նույնպես գտնվել են Արցախի ՊԲ զինվորները գիշերային բանակցությունների, ստորագրման պահին»,-նշել է Պեգովը:
Նրա խոսքով՝ պետք է մոտենային եւս մի քանի ստորաբաժանումներ, որոնք պատրաստ էին գրոհել եւ պաշտպանել Շուշին. «Առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնել Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից մաքրելու համար, սակայն ժամը 5-ին նրանք արդեն նահանջի հրաման են ստացել և շուտով իմացել են համատեղ հայտարարության մասին»:
Խոսելով Շուշիում ադրբեջանցի զինվորների հայտնվելու մասին՝ Պեգովը հայտնել է, որ նոյեմբերի 6-ին մինչև ուշ գիշեր գտնվել է քաղաքում, և այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի եղել:
«Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի կողմից Շուշիի մուտքի մոտ արդեն ադրբեջանական ուժեր եղել են, մարտերը շարունակվել են, ադրբեջանցի զինվորականներին շարունակել են վերացնել: Այնուամենայնիվ, առանձին խմբերի հաջողվել է ներխուժել Շուշի: Սակայն այն հայտարարությունները, որ Շուշին գրավվել է, իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի զինվորները քաղաքից դուրս են եկել միայն ռուս խաղաղապահների գալով»,-նշել է Պեգովը: