Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

30 նոյ 2020 12:54

ԱՀԱԶԱ՛ՆԳ. Թուրքիան, քողարկվելով Մինսկի խմբի հովանու ներքո, ամբողջացնում է հայության ցեղասպանությունը. Սանձահարե՛ք Թուրքիային. պահանջ ԵԱՀԿ-ին

Հիշեցո՛ւմ առաջին.

Արցախն իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականի սեպտեմբերին, և Ադրբեջանը անհապաղ սանձազերծել է ցեղասպանական ագրեսիա ընդդեմ Արցախի:

Մինսկի խումբը ձևավորվել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի առաջին ագրեսիայից հետո, և Մինսկի խմբի եռանախագահությունը կրում է կոնֆլիկտի կարգավորման միջնորդության բացառիկ մանդատը:

1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման ժամանակ, հակառակ հայկական կողմի ցանկության, ներգրավվեց նաև Թուրքիան, մի պետություն, որը  1915 թվականին իրականացրեց Հայոց ցեղասպանությունը,  1919 թվականին առաջինը ճանաչեց մարդկության դեմ այդ հանցանքը, ապա 1921 թվականից տարավ Հայոց ցեղասպանության ժխտման լկտի ու անպատիժ քաղաքականությունը:

Թուրքիան 1992 թվականին ակտիվ մխրճվում էր բանակցային գործընթացի սաղմնավորման ընթացքի մեջ: Ռուս դիվանագետ, Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը   նշում է, որ այդ շրջանում «ակտիվ էին թուրքերը, որոնք միանշանակ աջակցում էին Ադրբեջանին` անտեսելով Մինսկի խմբի անկողմնակալության սկզբունքը»:

Թուրքիան իր երկարատև ու հետևողական «բանակցություններով», միջամտելով և խաթարելով Մինսկի խմբի անկողմնակալության սկզբունքը, բանակցային գործընթացի քննարկման բովանդակությունից կարողացավ դուրս թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ից  շուրջ 800 հազար հայ փախստականների ձևավորման պատճառներն ու հետևանքները: Մինսկի խումբը ենթարկվելով Թուրքիայի «դիվանագիտական» ակտիվությանը, «տեղի տվեց» ու բանակցային գործընթացից դուրս թողեց Ադրբեջանում ազգությամբ հայ քաղաքացիների դեմ 1987-1992 թվականներին կատարված սումգայիթյան և մյուս ցեղասպան հանցանքները:

Շուրջ 30 000 հայ փախստականներ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, Նախիջևանից, Գարդմանքից, Շաքի-Շիրվանից բնակվեցին Արցախի Հանրապետությունում Արցախի պաշտպանության բանակի հովանու ներքո, շուրջ 362 000 հայ փախստականներ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում և շուրջ 410 000-ը` Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում:

Դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ցեղասպանությունից փրկված ադրբեջանահայության պետականություն ունենալու իրավունքի իրացման արդյունքն է:

Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994 թվականներին ԼՂԻՄ-ի դեմ Բաքվի կողմից սանձազերծած ցեղասպան պատերազմի արդյունքում ազատագրված այն 7 շրջանները, որոնք օտարվեցին Արցախից`1921 թվականի հունիսի 6-ին Արցախը խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, և ոչ միայն, Արցախը մաս-մաս արվեց, օտարվեց նրանից նաև Հյուսիսային Արցախը, և միայն 4000 քառ.կմ-ի վրա ձևավորվեց ԼՂԻՄ-ը:

 Հիշեցո՛ւմ երկրորդ.

1992 թվականի մարտին ԵԱՀԿ ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը պայմանով, որ ԵԱՀԿ-ն կորոշի ԼՂԻՄ կարգավիճակը, ինչին իր համաձայնությունը տվեց Ադրբեջանը:

Իր ստեղծման օրից Մինսկի խումբը, իր վրա անընդմեջ կրելով Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի դիվանագիտական «հմայքն» ու ճնշումները, կրավորական ու երկդիմի կեցվածքով անտեսել է Ադրբեջանի կողմից ընդդեմ հայության տարվող քսենոֆոբիայի ահագնացող ու ցեղասպանություն սանձազերծող քաղաքականությունը:

Թուրքիան իր կարևոր դերը` Ադրբեջանին որպես հայության ցեղասպանության գործիք կիրառելու առումով, ապացուցել էր դեռևս 2004 թվականին, երբ «ձևավորեց» ռամիլսաֆարովյան կերպարը ու այն գործադրեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ ընդդեմ քնած հայ սպայի:

2020 թվականի հուլիսին, ապա և սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ ու դրա հովանու ներքո, Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբերի զանգվածային ներգրավմամբ, նաև Իսրայելի ու Պակիստանի աջակցությամբ, խթանեց մի նոր անհավասար ցեղասպանական պատերազմ, խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունն ու վտանգելով Արցախի ինքնիշխանությունը, քայքայելով Արցախի տնտեսությունը, ավերելով նրա պաշտպանական համակարգը, վերացնելով ու օկուպացնելով նրա բնակավայրերը:

Ահազա՛նգ.

2020 թվականի սեպտեմբերի 27-ին խաթարվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համար առաջնահերթություններ հայտարարված Հելսինկյան սկզբունքները, և նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ու դա Մինսկի խմբի անդամ Թուրքիայի ուղիղ կառավարմամբ, մասնակցությամբ, ուղղորդմամբ ու հովանավորությամբ:

Թուրքիան շահարկում է Մինսկի խմբի իր անդամությունը` մի կողմից բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից առասպելական «մեկ միլիոն փախստականների» մասին, մյուս կողմից` տարածաշրջանը միջազգային ահաբեկչության նոր որջի վերածելով, ու, նաև, ահաբեկիչներին գործիք դարձնելու հայության ցեղասպանության համար` ամեն հայի գլխի համար վճարելով գրավիչ 100 ամերիկյան դոլար, լինի դա ռազմագերի, թե խաղաղ բնակիչ:

Թուրքիան անպատժելիության փաստից կորցրել է ինքնատիրապետումը և Եվրոպայի անտարբեր հայացքի ներքո Արցախի Հանրապետության հանդեպ ցեղասպանական ագրեսիայի զավթողական արդյունքը այժմ էլ «պարտադրանքով» տարածում է Հայաստանի Հանրապետության տարածքների վրա, իր պանթուրքական նկրտումները «համոզելով» Մինսկի խմբի անդամ երկրին` Մեղրիով միջանցիկ ցամաքային ճանապարհ է կորզում: Թուրքիան արյունահեղ պանթուրքական աշխարհակալ իր նպատակին հասնելու համար դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Աժ-ում իրագործեց նախճիր:

Թուրքիան հնարքներ է փնտրում անհավասարակշիռ աշխարհում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հայության ցեղասպանությունը ամբողջացնելու և պանթուրքիզմը առաջ մղելու համար:

Եվրոպան հարյուր տարի հետո կրկին կանգնած է պարտադրված ընտրության առաջ, այս անգամ արդեն կա՛մ Հայոց ցեղասպանության շարունակություն և պանթուրքիզմ, կա՛մ էլ սանձահարված Թուրքիա:

Պահանջը ձե՛զ է ուղղված, ԵԱՀԿ, սթափվե՛ք, անկեղծ եղե՛ք մարդկության և մարդկայնության առաջ, զսպե՛ք լկտիացած ցեղասպանին, զրկե՛ք դրան մարդկության դեմ նոր ոճրագործությունների հնարավորությունից, վանե՛ք ձեր շարքերից ու տե՛ր կանգնեք նոր Նյուրնբերգին` արյունահեղությունները կանխելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր