Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

09 դեկ 2020 13:16

Հայաստանը վաճառել է Նիկոլ Փաշինյանը...Այսպես թե այնպես պատերազմը կշարունակվի...Valeurs actuelles

Ֆրանսիական Valeurs actuelles հրատարակությունը հրապարակել է Բարբարա Վիոլեի և Անրի Դարիգրանի հոդվածը, որում հոդվածագիրներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակին և դրա ազդեցությանը տեղի բնակչության վրա: 


Հոդվածը սկսվում է արցախյան ճանապարհների նկարագրությամբ.


Շարժվելով դեպի Ստեփանակերտ տանող ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքն իջվածքների վրա, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում ՝ խաչմերուկին շրջանցելով ԽՍՀՄ ժամանակներից եկող հին մեքենաները ՝ չմտածելով անգամ, որ հանդիպակաց ճանապարհով հնարավոր է մեկ ուրիշը գա: Տեղ-տեղ, նոսրացող անտառների արանքում, տղամարդիկ գերանները բարձում են հին խորհրդային բեռնատարների մեջ:


«Չեն ուզում թուրքերին ոչինչ թողնել», - բացատրում է 23-ամյա ուսանող Անդոն: Նրանց տները, որոնք հրդեհվել են հենց իրենց կողմից, դեռ ծխում են: Ճանապարհին կարելի է տեսնել պատերազմի հետքերը. ավերված կամուրջներ, այրված տներ, խորտակված, առավել հաճախ ՝ անօդաչու սարքերի հարվածներից, մեքենաներ:


«Մենք պատրաստ չէինք, և Հայաստանը չկարողացավ դիմակայել գերժամանակակից զենքով հագեցած երկու բանակներին», - ափսոսանքով ասում է Արցախի Հանրապետության պատգամավոր Դավիթ Գալիսյանը ՝ մատնանշելով Երևանի պատասխանատվությունը:


Շատերի համար եկել է հատուցման ժամը:


«Հայաստանը վաճառել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի կինը եկել էր առաջնագիծ իբր զինվորներին աջակցելու համար: Նրա հետ եկել էին ևս 13 հոգի,  նրա խումբը կոչվում էր «Էրատո» Տիգրան Մեծի դստեր անունով, որը սահմանները բացել էր հռոմեացիների առջև»,-նշել է Գալիսյանը, որի համար սա շատ խորհրդանշական ու խոսուն ժեստ է:


«Սա ցեղասպանության շարունակություն էր».


Շուշիի մարտերին մասնակցած ծեր հրետանավորը պատմում է, որ իրենց դեմ կռվողների մեջ եղել են նաև Սիրիայից վարձկաններ:


«Հարյուրներով լցվում էին մեզ վրա, նույնիսկ չփորձելով թաքնվել, կրակելով առանց նշան բռնելու: Մեր հրետանին դրանց տասնյակներով հնձում էր, նրանց նույնիսկ վտանգ չէինք համարում»:


Այսպիսի պատմությունները շատ են. Գորիսում ապրող զինծառայող Սարգիսը նկարագրում է «սևազգեստ ահաբեկիչներին, որոնց միայն աչքերն էին տեսանելի»:


Ապա հոդվածագիրները հանդիպել և զրուցել են Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ, որը նույնպես խոսել է վարձկաններից:


«Էրդողանը նրանց ուղարկում է Արցախ, քանի որ չի ցանկանում, որ նրանք լինեն Թուրքիայում: Նա դրանց օգտագործում է իր մեծ պանթուրքական ծրագրի համար, որի շրջանակներում հուսով է աստիճանաբար գրավել ամբողջ Արցախը, այնուհետև Հայաստանը: Եվ հետո Եվրոպայից էլ մի կտոր: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, կարող է դառնալ ձեր ճակատագիրը մոտ ապագայում»,-ասել է գեներալը:


Գեներալը ցույց է տալիս սիրիական անունների ցուցակները՝ հաշվեհամարներով: Այս փաստաթուղթը հայտնաբերվել է սպանված ադրբեջանցի սպայի մոտ, որը գումար է փոխանցել վարձկանների ընտանիքներին յուրաքանչյուր սպանված հայի համար:  Սպանությունները հաստատելու և լրացուցիչ բոնուսներ վաստակելու համար վարձկանները կտրում էին հայերի գլուխները կամ ականջները:


Ադրբեջանի կողմից պատերազմի օրենքների լիակատար անտեսումը ցույց է տվել նաև քիմիական զենքի օգտագործումը: Նախկինում անհայտ վնասվածքներով մի քանի տղամարդիկ ընդունվել են Երևանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների ՝ դրանք լայնածավալ վերքերով այրվածքներ են, «որոնք քիմիական նյութի հետ շփվելուց հետո շարունակում են մեծանալ և այրվել դեռևս մի քանի շաբաթվա ընթացքում»:


Հաշվի առնելով Ադրբեջանի քանակական և տեխնոլոգիական գերազանցությունը, դժվար է բացատրել նման զենքի անհրաժեշտությունը, եթե դա չի արվել բացառապես հայերի մեջ սարսափ և տառապանք սերմանելու համար:


«Սա դասական պատերազմ չէր, սա ցեղասպանության շարունակությունն էր», - վստահեցնում են շատերը: Նման խոսքերը կարող են չափազանցություն թվալ, եթե չլինեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե նա հայերին հալածում է «շների պես», որոնք հնչում են որպես ցեղասպանության պատմության տագնապալի արձագանք:


Մոսկվան շահագրգռված չէ թուրքական ազդեցության չափազանց շատ մեծացմամբ


«Այսպես թե այնպես պատերազմը կշարունակվի: Գարնանը կամ մի քանի տարի հետո դա նշանակություն չունի: Սա վերջը չէ», - ասում է Արամը` հասարակական կազմակերպություններից մեկի կամավորը, որը պատերազմի ընթացքում անընդհատ Արցախի և Հայաստանի միջև ճանապարհին է եղել՝ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:


Նույն կարծիքը կիսում է Գորիսի քահանա հայր Հրայրը՝  նշելով, որ ռուսների զանգվածային ներկայությունը կարող էր փոխել իրավիճակը: Իրոք, որոշ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան շահագրգռված չէ Կովկասի այս տարածաշրջանում թուրքական ազդեցության չափազանց մեծ ընդլայնմամբ: Ապագայի նկատմամբ անթաքույց անորոշությունն այն զգացողությունն է, որը միավորում է ամբողջ երկիրը նման ծանր պարտությունից հետո... 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր