Լուկաշենկոյի և Մակրոնի դեպքում այս ռազմավարությունը՝ նստել ու սպասել, մինչև կրքերը կհանդարտվեն, աշխատեց, կհաջողվի՞ Փաշինյանին
Ընդդիմության դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է իր համբերության վրա։ Այս մասին ռուսական Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում հայտարարել է «Կասսադ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Բորիս Ռոժինը:
«Հայաստանի ձեռնարկություններում գործադուլ սկսվել է դեռևս դեկտեմբերի 16-ին։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ նրանցից շատերի աշխատանքն ամբողջությամբ կանգ է առել, իսկ աշխատակիցները բողոքի ակցիաների են գնում Երևանի կենտրոնում։ Ըստ էության, այժմ գրեթե նույն իրավիճակն է, որը հանգեցրեց հենց Փաշինյանի իշխանության գալուն. նույն ձևով տապալվեց նրա նախորդը՝ Սերժ Սարգսյանը»,- ասել է Ռոժինը։
Քաղաքագետի խոսքով՝ հասունացած քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Բայց ես վստահ եմ՝ Փաշինյանը նաև բացառում է այդ տարբերակը, իսկ դա, ակնհայտ է, որ ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է նա։
Ռոժինի խոսքով՝ Փաշինյանը ռազմավարություն է որդեգրել՝ «նստել ու սպասել, մինչև որ բողոքի ցույցերը կհանդարտվեն»։
«Այս մոտեցումը բոլորին քաջ հայտնի է. մոտավորապես նույն սխեմայով էր գործում նաև Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդ որում, ինչպես հիմա է պարզ դառնում, դա բավականին հաջող աշխատեց։ Էմանուել Մակրոնը նույնպես նստեց և սպասեց «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հանդարտվելուն, այնպես որ Հայաստանի վարչապետը սովորական համբերության միջոցով իշխանությունը պահելու միանգամից մի քանի հաջողված օրինակ ունի»,- նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ժողովրդի մոտ երկընտրանք է՝ վարկաբեկված Փաշինյանի և ընդդիմության միջև։
«Որքան ձգձգվի այդ ճգնաժամը, այնքան ավելի լուրջ հետևանքներ կլինեն երկրի համար. Հայաստանի քաղաքական կառույցը կարող է պարզապես չդիմանալ նման լարվածությանը»,-ամփոփել է նա։