Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

11 հուն 2021 12:13

ՊՆ-ն պատասխան չունի՝ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները մասնակցե՞լ են Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պահպանությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխան չունի՝ արդյոք ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները ներգրավված են եղել ավիացիոն ինստիտուտից դուրս պետական օբյեկտների պահպանությանը։


Նոյեմբերի 30-ին Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով հաստատել կամ հերքել տարածվող տեղեկությունները՝ արդյոք կուրսանտները մասնակցել են ՀՀ վարչապետի կեցավայրի պահպանության գործընթացին, նրանց զենք տրվե՞լ է, թե՞ ոչ, որքա՞ն ժամանակով են կուրսանտները ներգրավված եղել կառավարական առանձնատների պահպանության մեջ։
Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի ուղարկած պատասխանում, մասնավորապես, ասվում է.


«Կայազորների տարածքում տեղակայված զորամասերի (ներառյալ՝ ռազմաուսումնական հաստատությունների) կողմից կայազորային և պահակային ծառայությունը, որը ներառում է նաև պետական օբյեկտների պահպանությունը, իրականացվում է «ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը (ՀՕ-98) հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կայազորում գործող պլանների հիման վրա և ըստ անհրաժեշտության առաջացման»։


Ըստ ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 7-րդ հոդվածի՝ կայազորային և պահակային ծառայությունների անցկացման գործում ընդգրկվում են կայազորի կազմում ընդգրկված զորամասերը:


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է այն զորամասերի ցուցակը, որոնք ենթակա չեն կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվելու:


Զորամասերի կողմից կայազորային և պահակային ծառայությունների անցկացման հերթականությունը որոշում է կայազորի պետը` ելնելով նրանց կազմից ու նշանակությունից:


Ռազմական ուսումնական հաստատությունները կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվում են այդ նպատակի համար ուսումնական պլանով նախատեսված ժամանակի սահմաններում։


Հարցումից րոպեներ անց ՊՆ-ից պատասխան ստացանք, որ գրությունն ուղարկվել է ՊՆ քարտուղարություն։


Սպասվում էր, որ պահանջվող հնգօրյա ժամկետում Պաշտպանության նախարարությունը կպատասխանի մեր հարցմանը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։


Մենք բազմաթիվ անգամներ կապ ենք հաստատել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ամեն անգամ խնդրել են սպասել՝ շուտով հարցը կկարգավորվի ու մեր հարցմանը կպատասխանեն։


Անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն ՊՆ-ն այդպես էլ չտվեց պատասխան՝ կուրսանտները մասնակցե՞լ են Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պահպանության գործընթացին ու արդյոք դա չի հակասում ու խանգարում ռազմական ինստիտուտի կրթական գործընթացին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր