«Ալֆա» ջոկատի 4 անդամ ազատման դիմում է գրել՝իրենք հակաահաբեկչական գործողությունների են սովոր,դուրս չեն գա ժողովրդի դեմ

Ալֆայի նոր տնօրենին անձնակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Նա իր խոսքի մեջ մի տարօրինակ նախադասություն է հնչեցրել, որ եթե հարկ լինի պետք է ձեր գործառույթներից դուրս գործողություններ էլ կատարեք։ Երբ Հայրապետյանը հեռացել է, ջոկատի ծառայողները փորձել են նորանշանակ տնօրենից տեղեկանալ, թե այդ ինչ արտակարգ գործողությունների մասին է խոսքը։ Նոր հրամանատարը բացատրել է, որ հիմա իշխանությունը 6-7 հարյուր հոգանոց մոբիլ ջոկատ է ձեւավորում, որը պետք է քաղաքական զարգացումների ժամանակ դուրս գա փողոց, ճնշի հանրային բողոքի ակցիաները։ Եւ նորանշանակը նկատել է՝ տնօրենի տեղակալը հավանաբար դա նկատի ուներ, որ դուք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է մասնակցեք այդ ջոկատի գործողություններին, ներդրվեք այնտեղ եւ գործեք՝ պաշտպանելով իշխանություններին։ Այս հայտարարությունը զայրացրել է Ալֆայի հին ծառայողներին։
Նրանք հայտարարել են, որ իրենք հակաահաբեկչական գործողությունների են սովոր եւ չեն մասնակցի իշխանություններին պաշտպանելու գործընթացին ու դուրս չեն գա ժողովրդի դեմ։ Եւ այս խոսակցությունից հետո 4-5 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել։
Մեզ ասացին, որ ազատման դիմում է ներկայացրել Ալֆայի հրամանատարի երկարամյա ստաժով տեղակալը ու եւս 3 հոգի։