ԱԱԾ-ն զգուշացնում է.Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների ձերբակալման մասին
![](https://tesaketinfo.am/wp-content/uploads/2021/02/mycollages_70.thumb_.jpg)
Բացի այդ, Ա.Ս-ն, նույն կազմակերպված խմբի կազմում՝ գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և ինքնությունը չպարզված այլ անձնաց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետևորդներ, հրապարակայնորեն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ : Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման և նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն:
Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն: