Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 մար 2021 13:59

10 օր էս կողմ, 10 օր էն կողմ,Մեզանից է կախված ռազմական դրության վերացումը

«Ռազմական դրությունն ամբողջ ծավալով ոչ միայն չի համապատասխանում իրավիճակին, այլև մեծ սպառնալիք է ներկայացնում բոլոր քաղաքական գործընթացների համար։ Մենք տեսնում ենք, թե քաղաքական գործընթացները որքան ծանր են ընթանում մեր երկրում»,- ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հեղինակած Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու առաջարկը։


Նա նշեց, որ հարցը պետք է քննարկվեր ԱԺ նիստի ժամանակ, սակայն իշխանական պատգամավորների բացակայության պատճառով այն տեղափոխվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ։


«Դեմիրճյան փողոցը փակել են, Բաղրամյանը փակել են, ինչքան ուզում են միտինգ են անում»,- Աբովյանին հակադարձեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով, որ ռազմական դրությունը չի խոչընդոտում հավաքներ անցկացնելուն։


Արման Աբովյանը նկատեց, որ ռազմական դրությունը թույլ չի տալիս վարչապետի հրաժարականի գործընթացն իրականացնել, արտահերթ ընտրություններ անցկացնել։


«Դանակը հասել է ոսկորին, ամեն ինչ լարված է, իրավիճակը ռադիկալանում է»,- արձագանքեց Աբովյանը։


Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում հանդես է գալու ռազմական դրությունը վերացնելու առաջարկով՝ քաղաքական կոնսուլտացիաների ավարտից հետ։ 


«Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը բանակցությունների մեջ են իշխանությունների հետ, և եթե մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, ռազմական դրության պայմաններում դա հնարավոր չի լինելու։ Եվ իշխանություններն իրենք են նախաձեռնելու այն»,- հայտարարեց Քոչարյանը և հավելեց. «Մեզանից է կախված այս դրության վերացումը, 10 օր էս կողմ, 10 օր էն կողմ, դուք լավ գիտեք, որ դա լինելու է»։


Արման Աբովյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն բանակցություններ չի վարում, այլ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական, արտահերթ ընտրությունների անցկացում և կրկին պնդեց ռազմական դրությունը վերացնելու նախագիծն օրակարգ ընդգրկելու առաջարկը:


Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց ռազմական դրության չեղարկման վերաբերյալ նախագիծն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստի օրակարգ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր