Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

23 մար 2021 11:14

«Մեր՝ ա­րյան գնով պահ­ված, մի բուռ դար­ձած հայ­րե­նիքն ին­չո՞ւ լքե­ցիք, ի՞նչ խղճով»․ «Փաստ»

Լինում է, չէ՞, որ մեկին նեղացնում եք, հետո ամբողջ օրը կամ շաբաթը, վատագույն դեպքում ամբողջ կյանքում փորձում եք քավել ձեր մեղքը։ Երբեմն նախընտրում եք լռել, քանի որ կարծում եք, որ խոսքերն ավելորդ են։ Քաղաքականության մեջ այդպես չէ։ Քաղաքական գործիչները սովորաբար չեն լռում, խոսում են անդադար, անգամ երբ խոսելու տեղ չունեն։ Ամեն րոպե խոսելու ցանկության պատճառով, երբ «լեզուն խելքից առաջ է ընկնում», ասում են մտքեր, հետո սկսում արդարանալ, իրենք իրենց արդարացնել։ Իրականում հաճախ լավագույն տարբերակը լռելն է։


Պետք է լռել ավելի շատ չհիասթափեցնելու համար, ավելի հաճախ պետք է լուռ հեռանալ կեղծ խոնարհվելու, ափսոսանքի խոսքեր ասելու փոխարեն։ Փրկությունը դա է, մեղքերը քավելու լավագույն տարբերակը՝ նույնպես։ Օրերս Արագածոտնի մարզ կատարած իր այցով Նիկոլ Փաշինյանը փաստացի տվեց հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Ելույթի ժամանակ հնչեցին մի շարք մտքեր, որոնք էլ ավելի խորացրեցին հիասթափությունը, փորձեց տալ՝ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցի պատասխանը, բայց ավելի շատ խորացրեց այն համոզումը, որ այս ընտրություններին քաղաքացին չի ընտրելու ծրագրեր, գաղափարներ։ Նրան մի կողմից հիշեցնելու են նախկիններին, մյուս կողմից էլ՝ որպես դավաճան պիտակավորված Փաշինյանին ու նրա թիմակիցներին։




Արդյոք մենք կկարողանա՞նք հետին պլան մղել մեր հույզերը և ընտրել նրանց, ովքեր գոնե կայունություն կբերեն մեր ծվատված, ցավից մի բուռ դարձած հայրենիքին։ Փաշինյանի արտահայտած մի քանի մտքեր առավել սուր ընկալվեցին, կարծես նորից թարմացրեցին մեր ցավը, մեր ամոթը։ Ասում է՝ «Մենք փախչող չենք, մենք կանգնող ենք մինչև վերջ։ Եվ մենք կանգնել ենք մինչև վերջ»։ Մի ողջ պետություն և հասարակություն, մի ողջ ազգ ոտնատակ տված, ստորացրած մեկն ասում է՝ մենք, մենք, առանց գիտակցելու անգամ, որ ինքն ու իր թիմակիցները, հատկապես նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո այդ «մենքի» մեջ չկան։ Գուցե դուք փախչող չեք հիմա, քանի որ դեռ հույս ունեք, թե ձեզ տեղ տվող կլինի, ձեզ նորից աղ ու հացով դիմավորող կլինի։ Բայց ճիշտ պահին, ձեզ համար անհրաժեշտ ու հարմար պահին դուք կփախչեք, ամեն ինչ կթողնեք ու կհեռանաք, իսկ երկրին ինչ ուզում է թող լինի։ Իսկ իրականում փախչող չէր զինվորն այն բանակի, որը կազմաքանդեցիք, այն մեկը, որը գերի է ընկել, քանի որ փախուստի չի դիմել, մյուսը, որ կյանքն է տվել հանուն ընկերոջ ու հրամանատարի, փախչող չէ արցախցին ու սյունեցին, որ ամեն ինչ է կորցրել, շիվար մնացել ու, չնայած սիրտ չունի, բայց վստահաբար նորից այգի է տնկելու, տուն ու եկեղեցի կառուցելու։


Իշխանության հետպատերազմյան բոլոր ելույթները լի են արդարացումներով։ Չարածի ամենամեծ արդարացումը նախկիններն են։ Նախկիններն են մեղավոր, որ կործանիչների համար հրթիռ չգնեցինք, նախկիններն են մեղավոր, որ անօդաչուներ չունեինք, նախկիններն են մեղավոր, որ ընտրական նոր օրենսգիրք չընդունեցինք ու այդպես էլ արդարադատության համակարգում վեթթինգ չիրականացավ։ Չենք խոսում պատերազմում պարտության մասին։ Ասում է. «Պարտությունը իմն է, ես ամբողջը վերցնում եմ իմ վրա միայն մի բանի համար, որ դուք ձեզ պարտված չզգաք։ Պարտությունը ինձ, հաղթանակը՝ ձեզ»։ Ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում մեզանից։ Ի՞նչ հաղթանակ։ Ինչպե՞ս ենք հիմա մեզ զգում՝ ստորացված, ծնկի եկած, անհույս, ցավից կորացած։ Իսկ նա մեզ ասում է՝ պարտությունն ինձ եմ վերցնում։ Իսկ կլինի՞ հանուն մեզ նաև լռելու որոշում կայացնի, մեր նյարդերը խնայելու, այս ճահճից դուրս գալու համար անհրաժեշտ է նաև, որ նա լռի։ Լռի ու հեռանա:


Երեք տարվա մեջ իշխանությունն ավելի շատ արդարացավ, քան գործ արեց, մեր աչքը նախկիններով փակեց, թալանն ու կաշառակերությունը մատնացույց արեց, իսկ տեսնես նրանց ժամանակների մասին հետո ո՞վ է խոսելու։ Իշխանությո՛ւն, ճառեր ասացիք ու զանգը չկախեցիք, հակառակը՝ Ղազանչեցոցի զանգերը լռեցրեցիք՝ տեղը մուղամին զիջելով։ Մեկ էլ թերևս ազգովի մի բան խնդրենք՝ տղերքի անունը մի շահարկեք, նրանց անունից մի խոսեք, նրանց նահատակվելն արդարացնելու ճանապարհներ մի փնտրեք։ Մի ասեք՝ «մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ էսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա է, Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում որևէ հայ չմնա»։ Այս ի՞նչ արդարացում է, կամ էլ իբր Արցախից բա՞ն է մնացել, դեռ մի հատ էլ Արցախի հարցի մասին է խոսում։ Ցավալի մի փաստ ունենք այսօր՝ մեր պետության մեջքը կոտրված է, մենք՝ ճարահատ, հույս գրեթե չկա, որ լավ է լինելու, բայց մեզանից շատերն այդպես էլ չեն հավաքում ճամպրուկները։ Ախր ինչպե՞ս գնանք, ո՞ւր գնանք։ Ի՞նչ պատասխան ենք տալու տղերքին, թե հարցնեն՝ մեր արյան գնով պահված, մի բուռ դարձած հայրենիքն ինչո՞ւ լքեցիք, ինչ խղճով։ Պատասխան չենք ունենա, բայց այսպես էլ ամեն ինչ թողնելու իրավունք չունենք։ 



Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր