Հայերի զանգվածային գերեզմաններ դուք ոչ մի տեղ չեք գտնի, ցեղասպանության պիտակն է կախել թուրք ժողովրդի վրա, թող հայելու մեջ նայի ու գնահատի իրեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի`Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները անվանել է անհիմն, անարդար և իրականությունից հեռու:
Ըստ Էրդողանի՝ Բայդենն իր հայտարարությունն արել է «հայկական արմատական շրջանակների ու հակաթուրքական խմբերի ճնշման տակ»:
«Պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ ճշմարտության բացահայտումը պետք է թողնել փորձագետներին և պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին», - ընդգծել է թուրք ղեկավարը:
Էրդողանը հայտարարել է, որ «հայերի զանգվածային գերեզմաններ դուք ոչ մի տեղ չեք գտնի»:
Էրդողանը նշել է, որ անընդունելի է «ցեղասպանության պիտակը կախել թուրք ժողովրդի վրա, երբ բոլոր փաստերն ակնհայտ են»:
Ուշագրավ է, որ Էրդողանը դարձյալ ԱՄՆ–ին մեղադրել է հնդկացիներին ցեղասպանության մեջ. «Եթե Բայդենը խոսում է ցեղասպանության մասին, ապա թող հայելու մեջ նայի ու գնահատի իրեն», – նշել է նա։
Հիշեցնենք, որ դեռ 2019 թ. դեկտեմբերին, երբ Կոնգրեսի երկու պալատները ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը «սպառնաց», որ ինքն էլ իր հերթին կճանաչի հնդկացիների ցեղասպանությունը։ Այս ամենը ծիծաղելի է թվում այն ֆոնին, որ ԱՄՆ–ն վաղուց է ընդունել իր մեղքը և փոխհատուցել կատարած հանցագործությունների համար և Թուրիան ոչ մի բարոյական իրավունք չունի ԱՄՆ–ին մեղադրել ու սպառնալ, քանի որ.
Ի տարբերություն Թուրքիայի, ԱՄՆ-ն, իր բոլոր պետական մարմինների կողմից՝ սկսած նախագահից և տարբեր պետական ու հասարակական կազմակերպությունների մակարդակով բազմիցս ներողություն է հայցել բնիկներից իրենց նախնիների կոտորածի համար։ Այդ անկեղծ ափսոսանքը արտահայտվել է հայտարարություններով, հիշատակի հուշարձանների կառուցմամբ, պատմության դասագրքերում դեպքերի ճշմարիտ շարադրմամբ, զոհերի հիշատակը և վերապրողների արժանապատվությունը հարգելով։
ԱՄՆ կառավարությունը պետական բյուջեից ամենամյա հատկացումներ է կատարում բնիկ ժողովուրդների կարիքների ապահովման համար։ Միայն 2019թ․-ի համար տրամադրվել է 2,4 մլրդ դոլար։ Նաև փոխհատուցումը արտահայտվում է ֆեդերալ և նահանգային մակարդակներով տարբեր հարկային արտոնությունների ու այլ հատկացումների տեսքով։
ԱՄՆ-ը իր տարածքում բնիկ ժողովուրդներին տրամադրել է մոտ 130․000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ կան 500-ից ավել ինքնիշխան բնակավայրեր, որտեղ բնիկների սերունդները իրենց բնական կենսակերպով ու մշակութային ժառանգությունը պահպանելով շարունակում են ապրել։
ԱՄՆ-ը կառավարությունը բնական ռեսուրսների օգտագործումից մաս է հատկացնում բնիկներին՝ հարգելով այդ տարածքներում բնական ռեսուրսների նկատմամբ բնիկների իրավունքները։ Վերջին հաշվարկներով բնիկ ժողովուրդների տարածքներում եղած ռեսուրսները գերազանցում են 1,5 տրիլիոն դոլարը, որից նրանք բաժին ունեն։
Այսպիսով, Թուրքիան նախ պետք է դասեր քաղի ԱՄՆ–ի քաղաքականությունից՝ ցեղասպանված հնդկացիներին փոխհատուցում տրամադրելու հարցում, և նոր միայն մեղադրի այլոց։