Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

30 ապր 2021 14:15

Ապագա խորհրդարանում «Քոչարյան» դաշինքը կլինի ամենամեծ ազդեցիկ ուժը. ընտրական տեխնոլոգիաների մասնագետ․ Aysor.am

Aysor.am-ը գրում է․

«Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեծ հավանականությամբ, տեղի կունենան։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Բադալյանն ասաց, որ ընտրությունների անցկացման համար կա թե՛ ներքին, թե արտաքին քաղաքական պահանջ։

«Վարչապետը հրաժարական տվեց, ընտրությունների անցկացմանը նպաստող ամբողջ իրավական փաթեթն ընդունվեց։ Բացի այդ, կա նաև արտաքին քաղաքական խորհուրդ իշխանություններին՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև 2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո պետք է իմանալ՝ ի վերջո այս իշխանությունը լիազորվա՞ծ է հասարակության կողմից ինչ-որ գործողություններ իրականացնել, թե՝ ոչ։ Արտաքին քաղաքական խաղացողներին անհրաժեշտ է իմանալ, թե Հայաստանում քաղաքական ինչ իշխանություն է ձևավորվում և ում հետ կարելի է բանակցել», - ասաց քաղտեխնոլոգը։

Նա նշեց, թե «Հայրենիքի փրկության շարժմանը» հաջողվեց իշխող քաղաքական ուժին ստիպել գնալ արտահերթ ընտրությունների։

Ինչ վերաբերում է արդեն ուրվագծվող ընտրական դաշինքներին, Բադալյանն ասաց, թե այս պահի դրությամբ կարելի է ասել, որ «Քոչարյան» դաշինքը կլինի խորհրդարանում.

«Ամեն ինչ կախված կլինի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի արդյունավետությունից. եթե արդյունավետ անցկացնի, ապա խորհրդարանում նա կլինի ամենամեծ ազդեցիկ ուժը։ Բավականին լավ ներկայացված կլինի «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքը, որովհետև մինչև Հանրապետականին միանալը ենթադրում էինք, որ «Հայրենիք» կուսակցությունը սահմանում էր խորհրդարանում անցողիկ շեմը, իսկ ՀՀԿ-ին միանալուց հետո հասկանալի է, որ «Հայրենիքը» արդեն 5 տոկոսանոց շեմը հաղթահարում է և նույնպես նկատելի ազդեցություն կունենա ԱԺ-ում։ Հանրապետականն իր ողջ ռեսուրսի մի զգալի մասն այդ կուսակցության օգտին է աշխատեցնելու։ Իհարկե՛, հանրապետականների մի մասն էլ կաշխատի «Քոչարյան» դաշինքի օգտին, որի մաս, ըստ լուրերի, կկազմեն «Դաշնակցությունը» և «Վերածնվող Հայաստանը»»։

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետի գնահատմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես տեղ կունենա ապագա խորհրդարանում.

«Դժվարանում եմ ասել, թե ինչ տեղ կունենա, բայց կարծում եմ կլինի՝ և ոչ քիչ»։

Խորհրդարանում, Բադալյանի խոսքով, տեղ կունենա նաև վարչապետի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը։

«Այո՛ վարչապետն անձամբ ունի իր ընտրազանգվածը։ Նա մեծամասնություն չի ունենա, եթե մյուսներն արդյունվետ ընտրարշավ իրականացնեն։ Արևմտամետ ընտրազանգվածի մի մասն իր ձայնը կտա վարչապետին, իսկ մնացած մասը՝ փոքր ուժերին։ Վարչապետը Հայաստանում որոշակի ընտրազանգվածի համար ցանկալի կերպար է, պարզապես դրան կգումարվի նաև սորոսականների ձայների մի մասը», - ասաց Բադալյանը:

Այս պահի դրությամբ, Բադալյանի խոսքով, կարելի է ասել, որ առնվազն 4 ուժ ներկայացված կլինի ապագա խորհրդարանում. «Քոչարյան» դաշինք, «Հայրենիք» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ վարչապետի ներկայացրած ուժը։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, Բադալյանն ասաց, թե այս տարիների ընթացքում ԼՀԿ-ն ցույց տվեց, որ չի պատրաստվում ներկայացնել իր ընտրողների շահերը.

«Դրա համար կա՛մ կհայտնվի խորհրդարանում, կա՛մ՝ ոչ։ Եթե հայտնվի էլ՝ շատ զրոյական մակարդակով։ Ինչ վերաբերում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի արտահայտություններին, թե իրենք հավակնում են լինել ապագա իշխանությունը, ապա հումորի ժանրը պետք է թողնենք՝ կատակասերները քննարկեն»։

50+1 տոկոս ձայն, Բադալյանի գնահատմամբ, որևէ քաղաքական ուժի չի հաջողվի հավաքել։

Քաղաքագետի խոսքով՝ հունիսի 20-ի ընտրությունները դե յուրե խորհրդարանական են, բայց դե ֆակտո դա վարչապետի ընտրություն է։

«Եվ ընդամենը երկու հոգի է գնում վարչապետի պաշտոնի համար պայքարելու՝ գործող վարչապետը, որ ամեն ինչ անում է, որպեսզի դառնա վարչապետ, և երկրորդ նախագահը», - ասաց Բադալյանը:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, Արմեն Բադալյանն ասաց.

«Հասարակությունն այսօր չուներ այնքան պոտենցիալ, որ Նիկոլ Փաշինյանին տապալեր, բայց հասարակությունը միշտ ունի այնքան պոտենցիալ, որ ընտրությունների օրը գնա և քվեարկի։ Քարոզարշավը շատ բան կարող է փոխել»»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր