Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ... ադրբեջանցին ամեն ինչ էլ տեսնում ,էնպես որ գաղտնիք չեմ բացում...

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրային դիսկուրսը լսելով, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու կարիք չունի։
«Մեկը կար, չէ՞՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ, հիմա էլ ուղղություններն եք ասում, թե որտեղ ինչ կա։ Հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք՝ օրինակ՝ կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ...։ Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում»,- պատասխանեց նա։
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ տարակուսած է։
«Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադերբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են, այստեղ որևէ կոորդինատի հարց չկար։ Մտահոգություն արտահայտել այն մասին, ինչը Ադրբեջանը շատ մատչելի ձևով տեսնում է, գաղտնիք բացե՞լ է»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ հավաստիացրեց. «Ոչ միայն դուք, այլ նաև ադրբեջանցիները չեք կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է, որովհետև դրա մեծամասնությունն արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»։
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև՝ ի՞նչ պատվաստանյութով է այսօր պատվաստվել Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով՝ վերջինս նշեց, որ չի ասի, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։
«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneka»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով։ Եվ հույս ունեմ, որ ԱԺ պատգամավորներից մեկն էլ մեր ունեցած չինական պատվաստանյութով կպատվաստվի»,- ասաց նա, և խոսքին հաջորդեց իմքայլականների ծիծաղը։