ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը զգուշացնում է՝որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին

«Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել այն անձանց, որոնք փորձում են հանդես գալ որպես «միջնորդներ»: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,- նշված է Facebook-ի պաշտոնական էջում դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցնում են՝ ՌԴ տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները տրամադրվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում Հասցեները և հեռախոսահամարները ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով․https://bit.ly/2SvOkKe։
ՌԴ այլ շրջաններում ՀՀ քաղաքացիների համար կազմակերպվում են արտագնա հյուպատոսական ընդունելություններ, որոնց մասին նախապես տեղեկացվում է սոցիալական ցանցերում դեսպանության պաշտոնական էջերում և կայքում:
Նշենք նաև, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):
Ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հորդորում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք տեղեկատվություն ունեն՝ կապված «միջնորդների» հետ կամ առերեսվել են հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին, անհապաղ կապ հաստատեն դեսպանության հետ։