Պարզաբանեք՝ այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը:
«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք` մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի` այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը՝ նշել է Գևորգյանը:
Այսօր` մայիսի 31-ին, ԱԳՆ-ում հրաժեշտի հանդիպմանը Արա Այվազյանը հայտարարել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Հիշեցնենք` Արա Այվազյանը, որն արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։