Աշխարհ, պատրաստվիր նոր համաճարակների.ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը կոչ է անում համաշխարհային հանրությանը պատրաստվել նոր համաճարակների: Նա նշել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել կորոնավիրուսի համաճարակից:
«Անհրաժեշտ է անել հնարավորը՝ նախապատրաստվելու նոր համաճարակների և պանդեմիաների, կանխելու, հայտնաբերելու և դրանց արագ արձագանքելու համար»,-ընդգծել է նա:
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ դրա հիմքը պետք է լինի համընդհանուր առողջապահական ծառայությունները և որակյալ առաջնային առողջապահությունը:
Ըստ ԱՀԿ ղեկավարի, կորոնավիրուսի համաճարակի դեպքում գոյություն ունի պատվաստանյութային անհավասարություն: Նա նշել է, որ այժմ 10 երկրներին բաժին է ընկնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների 77 %-ը: Միևնույն ժամանակ, աղքատ երկրները չունեն բավարար պատվաստանյութեր բոլոր խոցելի խմբերին պատվաստելու համար:
«Եթե երկրներն անմիջապես կիսվեն պատվաստանյութերով COVAX մեխանիզմի հետ և արտադրողները նախապատվությունը տան COVAX պատվերներին, ապա մենք կկարողանանք պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10 %-ը մինչև սեպտեմբեր և առնվազն 40 % մինչև տարեվերջ»,-ասել է Գեբրեիսուսը և ավելացրել, որ մինչև աշուն պետք է գտնվեն պատվաստանյութերի լրացուցիչ 250 միլիոն չափաբաժին: