ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ          Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին       Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան    

09 հուլ 2021 11:17

Տեսանյութ.Ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել,, ձեռք գցել. Նախկին կին ռազմագերի

Կարինե Սարգսյանն այլևս չի կարողանում ժպտալ, խոշոր դեմքից սրբում է արցունքները: Կինը գերությունից է վերադարձել ամիսներ առաջ։ Նախկին ռազմագերու հետ զրուցել է BBC-ի լրատվական կայքի ռուսական ծառայությունը։


Կինը խնդրել է, որ իր պատմությունը ներկայացնելիս չնշեն իր իսկական անունը, հետեւապես հոդվածում օգտագործվել է պայմանական անուն։


«Երբ ինձ գերի վերցրին, ասացին` պետք է ձերոնց տեղեկացնենք, որ դու մեզ մոտ ես: Բայց պետք է կարդալ հետևյալ տեքստը՝ «բարի գալուստ ձեր տուն»։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, ծածկոց, որը գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա չէր, որովհետև հանկարծ ամեն բան ինձ համար մեկ դարձավ, պարզապես մեկ դարձավ»։


Կարինեն իրեն բուժքույր է անվանում։ Հոկտեմբերի երկուսին մի խումբ հայ զինծառայողների հետ ժամանել էր Ջաբրայիլ։ Մարտերն ընթանում էին ամբողջ թափով։


«Ես զինվորական մարդ եմ, ինձ համար սա երրորդ պատերազմն է։ Ջաբրայիլում շատ վիրավորներ կային, շատ դիեր։ Անհրաժեշտ էր առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի հետո տղաներին ուղարկեինք հոսպիտալ։ Այստեղ թոքերի բորբոքում ստացա։ Եվ երբ նահանջելու ժամանակն էր, հասկացա, որ ծանր քաշիս, ոտքերիս այտուցի ու հիվանդության պատճառով պարզապես չեմ կարող սար բարձրանալ»,- պատմել է Սարգսյանը` հավելելով, որ մնացել է միայնակ։


Երեք օր Կարինե Սարգսյանը մնացել է շրջափակման մեջ։ Հետո դուրս է եկել հարթ ճանապարհ և առաջ շարժվել։ Կինը լսել է ադրբեջանցիները ձայներն ու անմիջապես թաքնվել ձորակում, որի շնորհիվ էլ իրեն չեն նկատել։ Կարինեն՝ իմանալով տեղանքը, կողմնորոշվել է ու երեք կմ քայլել, դեպի հայկական հոսպիտալ։ Շրջանցելով ադրբեջանցիներին, Կարինեն հասել է հոսպիտալ, որտեղ ոչ ոք չի եղել։ Տարածքն անցել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Հոսպիտալից ոչ հեռու լքված խանութ է, որտեղ էլ Կարինեն թաքնվել է։ Մի քանի անգամ խանութ են մտել զինվորականներ, թեյ, սուրճ, ծխախոտ, թխվածք ու ջուր վերցրել։


«Բայց ինչ-որ պահի ես, հավանաբար, քնել եմ։ Եվ նրանք իմ խռմփոցից հասկացել են, որ շինությունում մարդ կա։ Ինձ սկզբում ծեծեցին փայտով։ Հետո, երբ ասացի, որ հանձնվում եմ, ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել, ձեռք գցել։ Կիսամերկ վիճակում 800 մետր ոտքի հարվածներով քշեցին ինձ։ Չեք պատկերացնի. երբ դեպի քեզ են ձգվում այդ գարշահոտ ձեռքերը, բայց ոչինչ անել չես կարող»,- վերհիշել է կինը։


Հենց նույն ժամանակին տարածք է եկել «գլխավորը»՝ Իբրահիմը, որի կոչումն ու ազգանունը Կարինեն չի հիշում։ Նա արգելել է զինվորականներին ձեռք տալ կնոջը։ Դրանից հետո էլ նկարահանվել է հայտնի տեսանյութը, որտեղ կինը ողջունում է ադրբեջանցի զինվորականներին «իրենց տանը»։


Կարինեն չի եղել զինվորական հագուստով, ադրբեջանցիները հավատացել են, որ նա տեղաբնակ է ու տեղափոխել են Բաքու։ Նրան հիվանդանոցում զննություն են իրականացրել ու արձանագրել ծեծի հետքերը։


Այնուհետև նրան մեքենա են նստեցրել, պտտել քաղաքով մեկ, ցույց տվել ծովափը, տեղի սրճարանում փախլավա հյուրասիրել։


«Իսկ հետո նրանք ասացին, որ պետք է հանդես գամ մամուլի ասուլիսով։ Նրանք ինձ տվեցին տեքստը, որը պետք էր կարդալ։ Տեքստում ես մեղադրում էի Հայաստանն ագրեսիայի և հնարավոր բոլոր մեղքերի համար։ Իսկ վերջում պետք է ասեի, որ ոչ մի պատերազմ չենք ուզում, և Փաշինյանն է, որ հրաման է տվել հավաքել տղամարդկանց ու ուղարկել պատերազմ»,- նշել է կինը:


Հյուրանոց տեղափոխելուց հետո ադրբեջանցիները պարզել են, որ գերության մեջ հայտնվածը խաղաղ բնակչուհի չէ ու տեղափոխել մեկուսարան, հարցաքննել։ Մեկուսարանը, որտեղ նրան պահել են 4х4 չափի էր։ Երկու անկողին է եղել այնտեղ, բայց կնոջ քաշի պատճառով այն կոտրվել է ու ստիպված է եղել քնել հատակին։


Նրան նաև սնունդ էին տալիս, բայց դա սնունդ անվանել չի կարողանում։


Դեկտեմբերին Կարինեին հանձնել են Հայաստանին։ Հայրենի գյուղում նրան դիմավորել է Պուշոկը՝ միակ կենդանի էակը։ Հիշելով սիրելի կատվի մասին՝ Կարինեն առաջին անգամ ժպտում է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր