Հոբելյանական նշանակում՝ ՔԿ–ում. Փաշինյանի իշխանության օրոք Արգիշտի Քյարամյանը 10–րդ անգամ է նոր պաշտոն ստանում
Հայաստանի ամենափոփոխական և սկանդալային պաշտոնյաներից մեկը՝ 30–ամյա Արգիշտի Քյարամյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը` ԱԱԾ–ում և Քննչական կոմիտեում։
Մասնագիտությամբ իրավաբան Քյարամյանը, նախքան 2018թ. իշխանափոխությունը աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ապա՝ դատախազությունում։ Երիտասարդ իրավաբանը, սակայն, կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Մասնավորապես, 2018 հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, իսկ մեկ ամիս անց՝ ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 փետրվարի 15-ից նա աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակումից 15 օր անց Քյարամյանը տեղափոխվել է նոր ձևավորված պետական վերահսկողական ծառայություն և նշանակվել ծառայության ղեկավարի օգնական։ Իսկ 2019 ապրիլի 10-ից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ և այս պաշտոնում մնացել մեկ տարի։ Նշանակումից 5 օր անց Քյարամյանը միաժամանակ զբաղեցրել է ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը (Այդ ընթացքում ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված էին): 2020 մայիսի 4 –ին Քյարամյանը ՊՎԾ–ից տեղափոխվել է քննչական ապարատ՝ 1 օրով նշանակվելով ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հաջորդ օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին նշանակվել ՀՀ ԱԱԾ տնօրեն։ Այս պաշտոնից Քյարամյանը ազատվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8–ին։ Շուրջ երկու ամիս անգործ մնալուց հետո Քյարամյանը դարձյալ նոր պաշտոն է ստացել. 2020թ. դեկտեմբերի 24-ին նա կրկին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այս անգամ հասցրել է ավելի երկար պաշտոնավարել՝ շուրջ յոթ ամիս։ Իսկ այսօր ահա պարզա դարձավ, որ Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի տեղակալ։ Սա կլինի Փաշինյանի իշխանության օրոք Քյարամյանի հոբելյանական՝ 10–րդ նշանակումը։
Այսպիսով, ստացվում է, որ վերջին երեք տարում Քյարամյանը ամենից երկար աշխատել է ՊՎԾ–ում, սակայն նրա պաշտոնանկություններից ամենից առեղծվածայինը շարունակում է մնալ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը։ Ի դեպ՝ ո՛չ Քյարամյանը, և ո՛չ էլ Փաշինյանը մինչեւ օրս չեն մեկնաբանել այս պաշտոնանկությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Քյարամյանը ԱԱԾ–ում պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Նա, մասնավորապես, Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնալսման սարքեր էր տեղադրել ԱԱԾ–ի՝ ռուսական կողմնորոշում ունեցող պաշտոնյաների առանձնասենյակներում և ազատվել այդ պաշտոնյաներից։ Դա, բնականաբար հարուցել է ռուսական կողմի դժգոհությունը և Փաշինյանը պարտադրված է եղել ազատել Քյարամյանին, ըստ էության, այդ կերպ փորձելով թաքցնել կատարվածում մեղքի իր բաժինը։
Ի դեպ՝ հանրության համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչու պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենը պատերազմի թեժ օրերին մի կողմ դնելով իր պարտականությունները, մեկնեց Արցախ։ Հայտնի չէ նաև, թե ինչ մարտական խնդիր է կատարել ռազմաճակատում Քյարամյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»՝ 44 օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար: