Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 հուլ 2021 14:30

Ադրբեջանը փորձում է Արցախի նկատմամբ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել․ ԼՂՀ ԱԺ խմբակցություններ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների օկուպացված տարածքներ այցի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին:

Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում:

Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը:

Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցվածքն այդ բեմադրության նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողությունները և քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքի ամրագրման ուղղությամբ:

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ–ՔՄԴ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր