Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

16 հուլ 2021 15:51

Էներգետիկ ճգնաժամ Հայաստանում․ հոսանքը դարձյա՞լ կթանկանա

Ուղիղ 2 ամիս է՝ Հայաստանի ատոմակայանը չի գործում։ Պատճառն, ըստ պաշտոնական կողմի, ՀԱԷԿ-ի կյանքը եւս 10 տարով երկարացնելն է։ Այսօր Հայաստանը կանգնած է էներգետիկ ճգնաժամի առջև․ էներգիա արտահանող երկիրը դարձել է ներմուծող։


«Մենք չունենք էներգետիկ քաղաքականություն․ վերջին 3 տարվա ընթացքում էներգետիկ ծրագրերը կա՛մ չեն իրականացվել, կա՛մ ձախողվել են։ Անհասկանալի է, թե էներգետիկ բնագավառում ներկա իշխանություններն ինչ են ուզում։ Նրանք փչացրել են էներգետիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, չեն կարողացել ստեղծել անհրաժեշտ հզորություններ՝ առաջին հերթին չեն կարողացել ապահովել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները, ինչն էլ, գլոբալ առումով, հանգեցրել է այսպիսի խնդիրների։ Հատկապես՝ էներգետիկայի նախարարությունը փակելը, որը նույնպես չմտածված քայլ էր», -Yerkir.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերի մասնագետ Արմեն Մանվելյանը։


Նրա խոսքով՝ մեր արտադրած էներգետիկ հզորությունները մեր ներքին ծախսերին չեն բավականացնում, հետեւաբար, էլեկտրաէներգիա ենք առնում Վրաստանից։ Հարավային հարեւան Իրանից Հայաստան հոսանք չի մտնում, իսկ Վրաստանին ժամանակին հոսանք Հայաստանն էր վաճառում։


«Մեկ տարի է՝ դարձել ենք էլեկտրաէներգիա ներմուծող։ Ներկա իշխանությունների հետ կապված ընդհանրապես ոչ մի բան հաստատ չէ։ Չկա մի տարբերակ, որ ասենք՝ սա հաստատ է։ Ռեակտորը կանգնեցվել է նորոգման եւ վերագործարկման համար։ Բայց արդյո՞ք արվում է այդ գործընթացը, թե՞ ոչ, հստակ չէ, դժվար է կանխատեսում անել։ Ինֆորմացիան սահմանափակ է, պարզ էլ չէ՝ եթե այդ գործընթացը կա, ո՞վ է անում, եթե արվում էլ է, ապա հստակ չէ՝ ով է անում»,- նշեց էներգետիկ անվտանգության մասնագետը։


«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկն ընդհանրապես կանգնած է եւ չի աշխատում։ Մենք ունենք հզորություններ, որոնք նախատեսված են արտահանման համար։ Հայաստանի շուկան շատ փոքր է, գրավիչ չէ՝ կոմերցիոն առումով։ Եթե կառուցի արտահանման հզորություններ, բարձրավոլտ համակարգեր, կդառնա գրավիչ։ Ժամանակին կնքվել էր Հայաստան-Իրան երրորդ ԼԷՊ-ի կառուցումը, ինչը հնարավորություն կտար դեպի Իրան էներգիայի արտահանումը եռապատկել, նույնիսկ՝ քառապատկել։ Նմանատիպ կնքված ծրագիր կար, որը Ռուսաստան-Վրաստան-Իրան՝ «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգիայի համակարգի կառուցումն էր, ըստ որի՝ դեպի Վրաստան, Վրաստանով Ռուսաստան արտահանման ծավալները կմեծանային։ Եթե դա արվեր, շատերը կգային՝ ներդրում անելու»,- Yerkir.am-ին ասաց Արմեն Մանվելյանը։


Նա նշեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, էներգիա արտահանելու հարցում հավելյալ արտոնություններ կունենար, մինչդեռ այսօրվա իշխանությունը չցանկացավ մատը մատին տալ, գործը գլուխ բերել։ Հակառակը՝ փոսն ընկանք, որից դուրս գալու ելք այս պահին չկա։


«Դեպի Իրան էներգիա արտահանող երրորդ ԼԷՊ-ի կառուցումը ձախողվեց․ այն դեռ 2019-ին պետք է շահագործման հանձնվեր, բայց կառուցվել է միայն 30 տոկոսը, իսկ դեպի Վրաստան եւ Ռուսաստան բանակցային գործընթացը հեղաշրջումից հետո մնաց սեղանի վրա, ոչ մի քայլ չարվեց։ Հետեւաբար, էլեկտրաէներգիայի թանկացումը բացառված չէ․ արդեն մի անգամ թանկացել է իրավաբանական անձանց համար, հետագայում էլի կլինի»,- եզրափակեց էներգետիկ անվտանգության հարցերի մասնագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր