Հիմա ամբողջ Արցախն է դարձել սահմանամերձ, վտանգներն ու մարտահրավերներն են ահագնացել

«Հիմա էլ ուզում են Մռավի տակով թունել կառուցել, և եթե հաջողվի, ապա կկարողանան Գյանջայից մեծ թվով զորք և զինտեխնիկա տեղափոխել, ինչը ռազմաքաղաքական առումով կստեղծի նոր իրավիճակ, եթե թուրքական զորքը նույնպես տեղափոխվի այդ ճանապարհով։ Նույն մոտեցումն են ցուցաբերում Արցախի օկուպացված այլ տարածքներում։ Կառուցում են, օրինակ, Քարին տակը Շուշիին կապող հսկա ճանապարհը, այսինքն` այնպես են անում, որ հետագա էքսպանսիայի ժամանակ օգտագործեն»,– ասաց Արցախի արտգործնախարարը։
Բաբայանի կարծիքով` արցախցիները պետք է դուրս գան սթրեսային վիճակից, հզորացնեն իրենց երկիրը և կասեցնեն Ադրբեջանի ծրագրերը։ Ըստ նրա` Արցախն այժմ վերականգնողական փուլում է, այս պահին լուծվում են բազմաթիվ կենցաղային հարցեր, բայց դա չի նշանակում, թե մոռացության են տրվում աշխարհաքաղաքական խնդիրները։ Բաբայանի խոսքով` հիմա ամբողջ Արցախն է դարձել սահմանամերձ, վտանգներն ու մարտահրավերներն են ահագնացել, բայց եթե լինի հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ և անսասան հավատք, ապա բոլոր դժվարությունները կհաղթահարվեն և կլինեն հաղթանակներ, որոնց մասին հիմա նույնիսկ չենք պատկերացնում։