Բևեռի ակցիան և նամակը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. Տեսանյութ

Նորին գերազանցություն
պարոն Ժոնատան Լաքոտին
Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիական Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Ձերդ գերազանցություն
Հայաստանն ու տարածաշրջանը լրջագույն ցնցումների մեջ են և դրանք գոյութենական մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար։
Միևնույն ժամանակ, այս իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում թե Հայաստանի ու տարածաշրջանի, և թե Արևմուտքի մեր բարեկամ երկրների, այդ թվում` մեզ համար շատ կարևոր երկիր Ֆրանսիայի համար:
Գոհունակությամբ փաստում ենք, որ և Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ, և խորհրդային օկուպացիայից հետո անկախության վերականգնման ամբողջ ներկայիս ընթացքում Ֆրանսիան Հայաստանի կողքին է։
Մեր երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ: Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության Ֆրանսիական Հանրապետության շահերը:
Համընկնում են, որովհետև դրանք հիմնվում են ազատության, հավասարության և եղբայրության ֆրանսիական սկզբունքներից բխող մարդասիրական ու ժողովրդավարական համամարդկային արժեքների վրա:
Հուսով ենք, որ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը և կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնան միջազգային հանրության, այդ թվում` Ֆրանսիայի ստանձնած հանձնառությունները:
Հարյուր տարի առաջ հանգամանքների բերմամբ խափանված այդ հանձնառությունների կատարումը կվերակերտի Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով (24 փետրվարի 1920 թ.) և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (22 նոյեմբերի 1920 թ.) սահմանված Հայաստանի Հանրապետությունը, որը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և Ֆրանսիայի, Եվրոպայի ու ամբողջ Արևմուտքի ռազմավարական շահերի հենքը։
Ընդունեք խնդրեմ Ազգային-ժողովրդավարական բևեռի և առաջադեմ հայ հանրության ջերմագին ողջույններն ու եղբայրության հավաստիացումը։
Խորին հարգանքով`
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ
12 օգոստոսի 2021 թ., Երևան