Հայկական զորքերը դուրս են բերվելու Արցախից, նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել , որով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

«Միանշանակ է, որ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կատարելու է այդ պահանջը: Հայաստանից նորակոչիկներն այլևս Արցախ չեն գալիս ծառայության, կարծում եմ, ժամանակի ընթացքում կամաց-կամաց այս իշխանություններն այդ հարցն էլ են լուծելու»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ անկախ Ադրբեջանի պահանջներից, հոխորտանքներից՝ Արցախում կարողանալու են ինքնակազմակերպվել և ստեղծել սեփական պաշտպանության միջոցները.
«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որ պետք է կարողանանք կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալ դրսևորումների, հատկապես՝ այս իշխանությունների առկայության դեպքում»,-ասաց Հակոբյանը:
Զրուցակցի խոսքով՝ գործող իշխանությունները կարողացան այնպես անել, որ երկու հայկական պետությունները՝ Արցախը և Հայաստանը իրավական բոլոր առումներով զատվեն միմյանցից.
«Անկախ այն հանգամանքից, որ աշխարհով սփռված հայերով մեկ ենք և ունենք մեկ Մայր հայրենիք, բայց իրավական առումով այս իշխանությունները կարողանալու են այնպես անել, որ հայկական երկու պետությունները զատվեն և հետագայում ՀՀ-ն որևէ կապ չունենա Արցախի հետ»,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել՝ խաղաղության պայմանագիր, որով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ կնշանակի, որ Հայաստանն իր համար ընդհանրապես փակում է Արցախի հարցը.
«Ադրբեջանի նախագահը հստակ ասում է, որ ամիսներ առաջ ինքն ու Նիկոլ Փաշինյանը սցենար են գրել, որով էլ շարժվում են: Այդ սցենարի մեջ ներառում է խաղաղության պայմանագիր, ինչն էլ ենթադրում է փոխադարձ ճանաչել երկու պետությունների տարածքային ամբողջականությունը,սրա արդյունքում կստացվի , որ Հայաստանն իր համար կփակի Արցախի հարցը: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, նաև մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները:
Հաջորդ քայլով՝ կատարում են նոյեմբերի 9-ի այն կետերը, որոնք ի նպաստ են Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի՝ կոմունիկացիաների բացում, ճանապարհների ապաշրջափակում, որը չեմ կարծում, որ վերաբերվելու է Հայաստան-Արցախ ճանապարհին: Այսքան թատրոն խաղացին, Արցախը հանձնեցին, այսքան զոհեր տվեցինք, հիմա էլ նույն սցենարով պատերազմական իրավիճակ են ստեղծում, որպեսզի հետո համոզեն, թե կատարելով Ադրբեջանի պահանջները , խաղաղության պայմանագիր ստորագրելով, փրկեցին 2 մլն ժողովրդի»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Ըստ պատգամավորի՝ պայմանագրի ստորագրման դեպքում՝ ՀՀ-ն որևէ կապ չի ունենալու Արցախի հետ, հետևաբար իրավունք չի ունենալու Արցախում զորք տեղակայել.
«Այս իշխանությունների ձեռքով ստացվում է այնպես, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախից ընդհանրապես»,-ասաց Մետաքսե Հակոբյանը: