Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 օգոս 2021 12:31

Շատ վտանգավոր են Ալիևի ձևակերպումները... երկիր ենք կորցնելու

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։




Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։


Ընդդիմությունը, առավել ևս՝ խորհրդարանական համակարգում, շատ բարձր կարգավիճակ ունի, գրեթե իշխանություն է։ Եվ այդ «գրեթե»-ն մի օր ամբողջականանում է հենց ճիշտ հրապարակային
քաղաքականության արդյունքում։


Եթե ընդդիմությունն Ալիևի առաջ քաշած նոր օրակարգին ու նաև նվաստացնող հնչերանգով տեքստին երեք օր է՝ չի արձագանքում, ապա չի հասկացվում, թե ինչի´ հաշվին պետք է փոխվեն Նիկոլին ձայն տված 600 հազարը, որոնց պատկերացումները պետականության մասին սեփական տնամերձի սահմաններում են, և թե ինչպե´ս պետք է հաղթահարվի տանը մնացած 800 հազարի անտարբերությունը։ Իսկ առանց այս խնդիրները լուծելու՝ մենք երկիրը կորցնելու ենք. սա պետք է պարզ ասել։


Ի դեպ, ընդդիմության պաշտոնական արձագանքը նաև հարգանքի քայլ է այս իշխանությանը մերժած 400 հազարի հանդեպ. հենց նմա´ն հրապարակային քաղաքականությամբ են պահվում կոնսոլիդացված էլեկտորատները։


Մարդիկ մոլորված են, անհանգիստ են, և շատ կարևոր է ընդդիմության՝ որպես ինստիտուտի արձագանքը։ Նման արձագանքներով ու հետևաբար՝ հանրության հետ նման երկխոսությամբ է հեղինակության և վարկանիշի աճ լինում։




Ընդդիմության արձագանքը շատ կարևոր է նաև արտաքին խաղացողների համար՝ թե´ դաշնակիցների, թե´ հակառակորդների։ Հակառակ դեպքում մենք վերածվելու ենք համր պետության։


Սա թույլ տալ չենք կարող, որովհետև նախ՝ սա շատ վտանգավոր է, մյուս կողմից էլ՝ մեծ թվով հանրային գործիչներ և ուղղակի գիտակից մարդիկ երկու-երեք օր է՝ մտահոգ են ու ակտիվ քննարկում են Ալիևի ձևակերպումները։ Սա խոսում է այն մասին, որ նոր քաղաքական-հանրային հոսանքների, նոր ձևաչափերի ստեղծումը բնական ճանապարհով ինտենսիվացվելու է։


Կարծում եմ՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, առաջիկայում կարձագանքի, բայց 21-րդ դարում հրապարակային քաղաքականությունը, տվյալ դեպքում՝ արձագանքի մշակույթը, պետք է բավարարի մի քանի պայմանների՝ ինչպե´ս, ի´նչ բովանդակությամբ և ե´րբ։ Երեքն էլ շատ կարևոր են։ Սա այն հարցերից չէ, որոնց արձագանքում են «դե մի օր հարմար լինի, կպատասխանենք» կամ «դե մի բան կասենք» ռեժիմով։ Պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ սա շատ նուրբ և վտանգավոր պահ է. այսօրվա իշխանության ձկնային լռության ֆոնին բարձր հնչեցված ցանկացած ոչ իշխանական տեսակետ կարող է ընկալվել որպես հայ հանրության ընդհանրական պատասխան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր