Բոլորս կանգնած ենք հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը          Եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա       Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին    

28 օգոս 2021 13:12

Թշնամին դառնում է էլ ավելի սանձարձակ .«5165 շարժումը» նախազգուշացնում է գործող իշխանություններին

«5165 շարժումը» նախազգուշացնում է գործող իշխանություններին այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին։ Շարժման անդամները հանդես են եկել հայտարարությամբ։

Նշվում է, որ օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակումը ի դերև է հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը:
Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը:

«Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չի եղել հայկական զինված ուժերը Սանասարի և Կովսականի շրջանից ետ քաշելու պահանջ (նոյեմբերի 9-ի դրությամբ մեր զորքերը Գորիս-Կապան ավտոճանապարհից երկու տասնյակ կիլոմետր խորության վրա են գտնվել), ադրբեջանական կողմի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հրաման է տվել ետ քաշել հայկական զինված ուժերն այսօր առկա շփման գծից այս կողմ՝ դրանով ադրբեջանական ուժերին տալով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ լիովին վերահսկելու և այդպիսով մարդկանց տեղաշարժի իրավունքը սահմանափակելու, մարդկանց կյանքին էական սպառնալիք ստեղծելու հնարավորություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Շեշտվում է, որ ադրբեջանական այդ սադրանքին արժանի արձագանքը կլիներ ռազմական ուժի գործադրմամբ պետության սուվերեն տարածք ներխուժած և երկրի բնականոն կյանքը խախտած թշնամուն դուրս շպրտելն իր ելման դիրքեր, ինչը չի ապահովվում, որից թշնամին դառնում է էլ ավելի սանձարձակ:
«5165 շարժումը» պահանջում է գործող իշխանություններից ստեղծված իրավիճակի, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերին դուրս չշպրտելու պատճառների վերաբերյալ հանրությանը մատուցել լիարժեք և բաց տեղեկատվություն։
«Այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ձեռք առնելու միջոցներ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։«5165 շարժումը» զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել ազգակործան քայլերից, տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր