Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում          Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են       Թուրքիայում երկաշարժից տուժածները բողոքում են, որ ոչ ոք չի մտածում իրենց մասին, նույնիսկ սնունդ չեն մատակարարում, Նույնիսկ փրկարարները սնունդ չեն ստանում    

23 սեպ 2021 13:40

Արևմուտքը պատրաստում է միջազգային վարկաբեկման արշավ Ադրբեջանի դեմ՝ «խաթարելու նրա դերն աշխարհում և տարածաշրջանում.«խավիարային դիվանագիտության» բացահայտման շաբաթ

Սեպտեմբերի 22 -ից 28 -ը եվրոպական առաջատար հեռուստաալիքները՝ RTS, RTBF, ARTE, La Une, կցուցադրեն դոկումենտալ թրիլլեր՝ հիմնված լրագրողական հետաքննությունների վրա, որոնք վերաբերում են Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»: Ֆիլմն այդպես էլ կոչվում է՝ «Խավիարային դիվանագիտություն․ ինչպես գնել ժողովրդավարություն»։


Ֆիլմի ռեժիսորն ու հեղինակներից է ֆրանսիացի հետաքննող լրագրող Բենուա Բրինյեն, որը որպես «Պանամական թղթեր» հետաքննության թիմի անդամ արժանացել է Պուլիցերյան մրցանակի։
«Խավիարային դիվանագիտությունը» պատմում է, թե ինչպես են Ադրբեջանի նման բռնապետությունները «սպիտակեցնում» իրենց հեղինակությունը և մարդու իրավունքների խախտումները՝ կաշառելով ու գնելով միջազգային աստղերի և արևմտյան քաղաքական գործիչների, բայց նաև այն մասին, թե ինչպես հետաքննող լրագրողների կոալիցիան հակահարված տվեց։


«Կասպից ծովի շուրջ նավթային դիկտատուրաներում համարձակ քաղաքացիներն օգնություն են խնդրում Արևմուտքից: Բայց նրանք պետք է դիմակայեն փողի ուժին: Ժողովրդավարության համար նրանց պայքարը կբացահայտի միջազգային կոռուպցիոն սկանդալը եվրոպական կառույցների հիմքում»,-գրում է RTBF-ը։


Ֆիլմը ներկայացվում է երկու դրվագով։ Առաջինը վերնագրված է «Փողի ուժը», որում ներկայացվում է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատմությունը՝ բացահայտելով մարդու իրավունքների իրավիճակը Կասպից ծովի ավտորիտար ռեժիմների ներսում: Թրիլերի պես, այն պատմում է երկրի հարստությունը նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից խլելու մասին:


Պատմության մի մասը պատմում է Բեռլինում գործող «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Ջերալդ Կնաուսը՝ ներկայացնելով «խավիարային դիվանագիտության» կուլիսները:


«Այս ռազմավարությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին սպիտակեցնել իր կերպարը միջազգային բեմում՝ միջազգային սպորտային իրադարձությունների, շոուբիզնեսի աստղերի հրավերների և արևմտյան քաղաքական գործիչներին տրվող նվերների միջոցով: Այդպիսով ռեժիմին հաջողվեց ուշադրությունը շեղել իշխանությունների կողմից քաղաքացիների մարդու իրավունքների ոտնահարումից։ «Խավիարային դիվանագիտության» գագաթնակետին ՝ Ադրբեջանին հաջողվեց խեղդել Եվրոպայի խորհուրդը, որը պատասխանատու է մայրցամաքում մարդու իրավունքների հարգման ապահովման համար՝ տապալելով երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունումը»,-գրում է կայքը:


Զուգահեռաբար, կազմակերպված հանցագործության մեջ մասնագիտացած ռումինացի հետաքննող լրագրող Պոլ Ռադուն պատմում է, թե ինչպես են կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողները սովորել «համախմբել» իրենց ռեսուրսները միջազգային մակարդակով՝ հակազդելու համար: Այս առաջին դրվագում ներկայացված են նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը կամ Սթինգը:


Երկրորդ դրվագ․ «Կոռուպցիայի մեքենան»


Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, այս երկրները ոչ միայն սպիտակեցնում են իրենց իմիջը, այլև գնում են լռություն միջազգային ասպարեզում: 2-րդ դրվագում թրիլերը դառնում է ավելի ու ավելի դժգույն: Ներկայացվում է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի պատմությունը, որը թաքնվել էր երկրից փախչելու համար, որպեսզի խուսափի բռնաճնշումներից և ապաստան ստանա Շվեյցարիայից: Այնտեղից նա հետազոտում է Ադրբեջանում իշխող ընտանիքի կողմից Եվրոպայում թաքնված կարողությունը:


Այնուհետեւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի հետ միասին բացահայտվում է հսկայական կոռուպցիոն սկանդալն արևմտյան ժողովրդավարական հաստատությունների ներսում: Կանխիկ պորտֆելներ, փոխանցումներ օֆշորային ընկերությունների միջոցով, ոսկե ժամացույցներ ։ Գաղտնի կերպով, ադրբեջանական ռեժիմը միլիոններ է վճարել եվրոպացի քաղաքական գործիչներին:


«Այսպես նա թաղեց քաղբանտարկյալների մասին զեկույցը Եվրոպայի խորհրդում: Եվրոպացի քաղաքական գործիչներին վճարվել է նաև Ադրբեջանում նախագահական կեղծված ընտրությունները վերահսկելու և հաստատելու համար: Պայքարի, լրագրողների և այլախոհների շնորհիվ լույս է սփռվում այս գործողությունների վրա, բայց Կասպից ծովի հարակից երկրներում բռնաճնշումները շարունակվում են»,-գրում է կայքը:


Այս ֆիլմի ցուցադրության հետ կապված օրեր առաջ արդեն ադրբեջանական պրոպագանդան սկսել է նախապատրաստել իր հասարակությանը, թե «Արևմուտքը հերթական ագրեսիան է նախապատրաստում Ադրբեջանի դեմ», ասելով, թե «Արևմուտքը գիտակցել է, որ առանց իրավիճակի փոփոխության Ադրբեջանում անհնար կլինի հասնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կազմաձևի փոփոխության», այն կապում Արցախյան հիմնահարցի հետ, նշելով, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ Արևմուտքը, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, բայց ներառյալ ԱՄՆ -ն, Ֆրանսիան և Գերմանիան, սպառնացին Ադրբեջանին, որն օգտագործեց արտաքին ագրեսիան հետ մղելու իր իրավունքը: Վաշինգտոնը սկսեց սպառնալ Բաքվին «հակամարտության կոսովարացումով», Ֆրանսիան օրենսդիր մակարդակով ճանաչեց Արցախը, Գերմանիան միահամուռ գործեց Մակրոնի հետ ...» և այլն, գովաբանում, թե «ռուս-թուրքական ներկայությունը տարածաշրջանում  հետ մղեցին Արևմուտքի հարվածները, ապահովեցին տարածաշրջանային նոր կարգի փոխակերպումը, որում Ադրբեջանը գերիշխող դեր ունի»։


Ահա այս ամենից ելնելով էլ Արևմուտքը, ադրբեջանական պրոպագանդայի եզրահանգմամբ, պատրաստում է միջազգային վարկաբեկման արշավ Ադրբեջանի դեմ՝ «խաթարելու նրա դերն աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև ներքին ապակայունացում բերելու բուն երկրում, հասարակական գիտակցության մեջ սերմանել և ամրապնդել որոշակի պարտվողական ոգի, որ Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր