Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

01 հոկ 2021 10:16

Տոնոյան Դավիթ, պատրաստ ե՞ք լինել «քավության նոխազ», գոնե հիմա պետք է խոսեք, գիտեք էլ, որ ձեր վրա բարդելու են արած ու չարած լիքը բաներ, կապիտուլյացիան

Դավիթ Տոնոյանին ձերբակալել են։ ԱԱԾ-ն ասում է, որ նա ու Պատրոն Դավոն կեղծիքներ ու հանրային վտանգավոր արարք են կատարել, 2․3 մլրդ դրամ հափշտակել։ Իհարկե՝ ծիծաղելի է, երբ կապիտուլյացիայի ժամանակ պաշտպանության նախարար աշխատածին ձերբակալում են ինչ-որ հափշտակության համար։ Առանց նյութի մեջ խորանալու, միանգամից հասկանալի է՝ ժողովրդի աչքին թոզ են փչում, ուշադրությունը շեղում են։ Արդյո՞ք հանրությունը մեր հայրենիքի մի մասը կորցնելուց, պլանավորված պարտությունից հետո սպասում է, որ պաշտպանության նախարարի բռնեն ատկատի համար, թե՞, այնուամենայնիվ, այլ հարցեր ունի։

Ես, օրինակ, Դավիթ Տոնոյանին առաջին անգամ հարց ուղղել եմ 2020 թվականի ապրիլ ամսին, այդ ժամանակ պատերազմ չկար, Նիկոլը բեմից ծաղրում էր նրանց, ովքեր ասում էին, որ պատերազմ է մոտեցնում։ Yerevan.Today-ը այդ ժամանակ պարզեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, հռչակավոր Քոչարյան Անդոնի տղան խիստ կասկածելի կերպով չի ծառայել բանակում։ Մարդը ընդունվել է համալսարան ու տարկետում ստացել, մի հատ էլ տարկետում է ստացել ասպիրանտուրայում։ Ասպիրանտուրան եթե ավարտում ես առանց պաշտպանելու թեկնածուական ատենախոսության, գնում ես բանակ։ Էս մարդը ավարտել է ու ո՛չ պաշտպանել է, ո՛չ բանակ է գնացել։ Հայրը, հիշեցնեմ, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ էր, որը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հաշվետվության էր կանչում ԱԺ, բյուջե էր հաստատում, վերահսկող էր, հորից Տոնոյան Դավիթը կախում ուներ, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ էին գնում-գալիս, դե մի օր էլ կարող ա մեկին մի բան պետք լիներ, ընկերական կարգով անեին։ Այսինքն՝ կոռուպցիոն ռիսկի կասկած կար։ Դիմեցինք Տոնոյանի նախարարություն ու պարզվեց, որ ասպիրանտուրան ավարտելուց հետո Քոչարյան Անդոնի տղան 2 անգամ էլ առողջապահական տարկետում ա ստացել, մինչև հասցնի թեկնածուականը պաշտպանել։ Տոնոյան Դավիթի տղան գնում էր ծառայելու՝ առանց Նիկոլի տղու պես փիարվելու, իսկ Քոչարյան Անդոնի տղան կայֆավատ էր լինում:

Ու մենք Տոնոյան Դավիթի նախարարությւոնից նորմալ պատասխան չստացանք Անդրանիկ Քոչարյանի որդու՝ բանակից խուսափելու մասով։ Ինչ արեցինք, նորմալ չպատասխանեցին, թե այդ ինչ առողջական խնդիրներ են, որ 2 անգամ հերիքացրել էին տարեկետում ստանալու համար, մինչ նա կավարտի թեկնածուականը գրել-պաշտպանելը։ Բա՛, այդպիսի հիանալի հարաբերություններ էին այն ժամանակվա ՊՆ նախարար Դավիթի և ԱԺ-ում նրա վերահսկող Անդրանիկի միջև։ Բայց ժամանակներն անցան, ամեն բան փոխվեց։ Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանի վրա առաջին բոչկա գլորողը հենց Անդրանիկ Քոչարյանն էր։ Էս մարդը առաջինն էր, որ պարտության համար մեղադրեց միայն Տոնոյանին։ Ինչո՞ւ, շատ պարզ։ Ասում են՝ Անդրանիկ Քոչարյանի երախտամոռության պատճառն այն է, որ մյուս տղու համար էլ դիմել էր պատերազմի ժամանակ, որ ճակատից թիկունք տեղափոխի, բայց մերժում էր ստացել։ Էս թեմայով ասելու բան չունի՞ Դավիթ Տոնոյանը։ Վստահ եմ՝ ունի։ Բայց նաև վստահեցնում եմ, որ ինձ համար այս ահին այդ հարցը չէ ամենակարևորը։ Էնքա՜ն պաշտոնյա, պաշտոնյայի զավակ է թռել թե՛ բանակից ու պատերազմից կամ կոմֆորտ պայմաններում է ծառայել․․․

Այս պահին մեր հարցերը Դավիթ Տոնոյանին բոլորովին այլ են։ Վստահեցնում եմ, ոչ մեկին չի  հետաքրքրում ենթադրյալ թալանած 5 մլն դոլարը, մանավանդ որ իր շեֆի մասին հազարապատիկն են ասում՝ 5 մլրդ դոլարի թեմա կա, որը դեռ չի փակվել։ Դավիթ Տոնոյանից ոչ թե հետաքրքրում է, թե քանի միլիոն դոլարի ատկատ է արել, այլ հետաքրքրում է՝ ի՞նչ կխոսի պատերազմի ընթացքի մասին։

Պարոն Տոնոյան Դավիթը գոնե հիմա պետք է խոսի, պետք է խոսի ու հրապարակի իր գերագույն գլխավոր կոչվածի հոխորտանքները, նամակները, sms-ները, ձայնային հաղորդագրությունները, որ ուղարկել է՝ ասելով ինչը ոնց անեն։ Ու հատկապես պատերազմի ժամանակ։ Հրապարակե՛ք, տեսնենք, միգուցե միանգամից ամեն բան իր տեղն ընկնի։ Պետք է ասեք՝ ինչպե՞ս եղավ, որ հենց առաջին օրը մեր ՀՕՊ-երը շարքից դուրս եկան, ու ամբողջ ընթացքում օդը մնաց անպաշտպան, ինչպե՞ս եղավ, որ բանակը համալրելու փոխարեն կամավորներով լրացրիք բանակը, ինչո՞ւ չընդունեցիք գեներալներին, որոնք եկել էին օգնելու, ո՞վ էր վախեցրել, ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանը շտաբում, բունկերում, ում խելքին էր փչել Լելե-Թեփեն ամեն գնով գրավելու միտքը, որը ամենաձախողված օպերացիան էր, ո՞վ որոշեց կամավորներին լցնել ավտոբուսը ու ուղարկել պոստեր՝ առանց օդը փակելու, ու տղերքը դեռ մարտի դաշտ չմտած՝ վառվեցին ավտոբուսների մեջ։ Ինչպե՞ս մերժվեցին պատերազմը դադարեցնելու առաջարկները, այդ ժամանակ ինչքա՞ն զոհ ունեինք, կորցրած տարածքներ, դուք ու գենշտաբը ի՞նչ խորհուրդ էիք տալիս։ Դավիթ Տոնոյանից էսպիսի լիքը հարցերի պատասխանների ենք սպասում, սրանք չնչին մասն են, շատ հարցեր ու պատասխաններ ինքը կիմանա։ Հարցերը էն հուլիսյան սադրանքներից ենք սկսելու։

Կրկնում եմ՝ Արցախի 76 տոկոսը կորցրած երկրում, որտեղ թշնամուն ուզում են դավադրաբար տարածքներ տալ նաև Սյունիքից, Տավուշից, Գեցարքունիքից, Արարատից, Վայոց ձորից, մեզ էդ 2 մլրդ դրամի ատկատը շատ քիչ է հետաքրքրում։ Մեզ քիչ է հետաքրքրում, որ դուք պատերազմից առաջ աքլորանում էիք նոր պատերազմ, նոր տարածքներ ձևակերպումներով, քիչ է հետաքրքրում, որ դուք, ձեր գեներալ հալով, ճղճղան ձայնով մի մարդուկից վախեցաք ու դավաճանեցիք ձեր գեներալ ընկերներին, երբ նրանց դատում էին, անվանում էին ցորեն գողացող․ դուք գիտեիք, որ շեղում են հանրությանը, որ Արցախը հանձնեն։ Դուք լռեցիք, երբ ձեր գեներալ ընկերները նվաստացմանը չդիմանալով՝ կապիտուլյանտի հրաժարականը պահանջեցին։ Դրանք հիմա թողնենք մի կողմ, մենք հայրենիք ենք կորցրել, ու դուք շատ բան գիտեք։ Պետք է ասեք, ի վերջո, վերջին երեք տարում, հատկապես՝ պատերազմի ժամանակ, ինչ հակապետական, հակամարդկային հրամանների եք ենթարկվել։

Ինձ համար հեչ անակնկալ չէր Դավիթ Տոնոյանի վրա քրգործի բացումը ու վստահ եմ՝ իր համար էլ անակնկալ չէր։ Նիկոլ Փաշինյանի տեսակն է այդպիսին, նա չի մոռանում ոչ մեկի, ով իրեն ենթարկվել է, իր անձի նվաստացման հաշվին՝ ծառայություն է մատուցել։ Ձեզ հետ միասին որ ԱԱԾ տարան ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին, էն քիչ գեներալներից էր, ով չէր ստորագրել Նիկոլի հրաժարականի պահանջի տակ։

Դավիթ Տոնոյանն էլ գիտի, որ իր վրա բարդելու են արած ու չարած լիքը բաներ, կապիտուլյացիան։ Ո՞վ չգիտի, որ սա քաղաքական ձերբակալություն էր։ Իհարկե, մեղքեր ունի, բայց էսքանը էսքան են սարքելու։ Բռնելու են նրան, Պատրոն Դավոյին, մի երկու գեներալի, մի քանի գնդապետի, ջոկի, դասակի հրամանատարի ու ասեն՝ ժողովուրդ, 5 հազար զոհի մեղավորը իրենք են, բանակն իրենք են թալանել, հրամաններն էլ իրենք են տվել, խեղճ հարիֆ Նիկոլը ի՞նչ աներ։ Մենք չգիտենք, պարտության մեղավորների ամբողջ շրջանակը, պատասխանատուների շարքում դուք կա՞ք, թե ոչ, բայց հաստատ առաջինը չեք, սակայն դուք գիտենք, թե ով է։ Էլի պետք է թաքցնե՞ք։ Պատրաստ ե՞ք լինել «քավության նոխազ»։

Կարճ ասած՝ Փաշինյանը ում վրա և ինչքան էլ փորձի բարդել պարտության, կապիտուլյացիայի մեղքը, չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյանը չի կարող խուսափել պատասխանատվությունից, դա չի լինելու։ Ինչքան էլ ուրիշներին մեղադրեք, շեղել չի ստացվելու։ Տոնոյանը շատ բան գիտի ու նա պետք է խոսի՝ հանուն պետության պետք է խոսի։ Դա ոչ թե Տոնոյանին է պետք, այլ պետությանը։

Ճշմարտությունը մեկ է՝ բացահայտվելու է՝ զինվորականներն են բաներ ասում, կամավորները իրենց տեսածն են ասում, Ալիևն ու Պուտինը իրենց առաջարկածն են ասում, խառը ասում են, ու փազլը հավաքվում է, բայց ինչքան շուտ ամբողջական իրականությունը ջրի երես դուրս գա, այնքան շուտ հնարավոր կլինի կանխել նոր վտանգները, որ գալիս են մեզ վրա։

Չեմ հավատում, թե պարտության պատճառը վառելիքի կամ 5 մլն դոլար գրպանելու մեջ էր։ Պատճառները քաղաքական կամքի, պայմանավորվածության, վերելակի մեջ են։ 5 մլրդ դոլարի խոսակցությունն էլ չմոռանաք։

yerevan.today
Սևակ Հակոբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր