«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 հոկ 2021 10:31

Աննախադեպ բան է, երբ պատերազմից հետո հայկական կողմը սիրահոժարություն է դրսևորում Ադրբեջանի նկատմամբ, ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մի ամբողջ օր գրել-ջնջելուց հետո՝ երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, վերջապես հարկ համարեց Հայաստանի տարածքով Նախիջևան մեկնած ադրբեջանական օդանավի՝ դեռ առավոտից աղմուկ հանած թեմային անդրադառնալ: Հաղորդագրությունն այն մասին էր, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը Հայաստանի օդային տարածքը հատել է՝ դեռ մի քանի տարի առաջ կնքված «Բաց երկինք» պայմանագրի համաձայն:


Հայաստանի օդային տարածքը փաստացի երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար, ուղղակի դեռևս 2013-2014 թթ. Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի մեր օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, փորձեց ճշտել, թե Քաղավիացիայի կոմիտեն ադրբեջանական կողմից արդյոք գանձում կատարել է մեր օդային ուղիներից հակառակորդ երկրի ավիաընկերությանն օգտվելու հանարավորություն տալու համար: Կոմիտեի քաղաքային հեռախոսահամարներին զանգերը, սակայն, զարմանալի զուգադիպությամբ անարձագանք մնացին: Չգիտես՝ ինչ հրաշքով, հերթական զանգերից մեկին արձագանքեց Կոմիտեի գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը: Նա մեր հարցը լսելուց հետո որոշեց, որ առցանց ինչ-որ թրեյնինգի է մասնակցում:


Նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց հարցադրումը՝ նախընտրելով առցանց թրեյնինգին մասնակցել: Երեկոյան կողմ մեր խմբագրություն Քաղավիացիայի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը զանգահարեց: «Բաց թողած զանգերը տեսա, հետ զանգեցի, բայց Ձեր հարցի հասցեատերը ես չեմ: Ենթադրում եմ՝ գումարների հարցով «Հայէրոնավիագացիա» ՓԲԸ-ն է զբաղվում»,- ուղղորդեց մեզ:


«Հայէրոնավիագացիան» էլ, պարզվեց, գումարային փոխանցումներին հարցին պատասխանելու լիազորություն «վերևներից» չի ստացել: «Ինձ, մեզ արգելել են խոսել այդ թեմայով: Ինչքան էլ փորձեք ինֆորմացիա ճշտել, չի ստացվի, դրան պետք է կոմիտեն պատասխանի»,- հարցի պատասխանն իր վրայից գցելով՝ ասաց Սևակ անունով ներկայացած ՓԲԸ-ի աշխատակիցը:


Պարզեցինք նաև, որ Կոմիտեն՝ լրատվական ծառայություն, տիկին Տաթևիկ Ռևազյանն էլ մամուլի քարտուղար չունի: Ռևազյանի օգնական Լիլիթի հետ կապ հաստատեցինք, խոստացավ ճշտել հարցի պատասխանն ու հետ զանգել: Ինչպես սպասվում էր, ոչ միայն հետ չզանգեց, այլև անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը բացատրեց՝ որևէ երկրի օդային ուղիներով թռիչք իրականացող ավիաընկերությունն ավիացիոն ծախսերի համար վճարում է անում: «Գումարի չափը ձևավորվում է՝ ըստ օդանավի քաշի, նրա անցած կիլոմետրի ու ինչ-որ գործակցի բազմապատկման:


Գումարը ստանում է «Հայէրոնավիգացիան», որ Կոմիտեին է ենթարկվում: Կոմիտեն էլ իր հերթին այդ գումարը բյուջե է փոխանցում»,- մանրամասնեց Խաչատրյանը: Ենթադրելի է, որ ադրբեջանական ավիաընկերությունը, գործող կարգի համաձայն, ՀՀ օդային ուղիներից օգտվելու համար որոշակի հարկ վճարել է, ինչը, սակայն, Կոմիտեն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է: Հուսանք՝ Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը ադրբեջանական կողմից դրամական համապատասխան փոխանցումները ստացել է, ոչ թե բարի կամք դրսևորել ու օդը բացելով՝ ասել՝ էստի համեցե՛ք:


Ի դեպ, սա աննախադեպ բան է, երբ պատերազմից հետո հայկական կողմը սիրահոժարություն է դրսևորում Ադրբեջանի նկատմամբ՝ գաղտնի պահելով, թե ինչի դիմաց»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր