Թուրքերը կկարողանա՞ն առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու 26 երկրներ
Եվրահանձնաժողովը մտադիր է աջակցել թուրքական կենսաչափական անձնագրեր ունեցողների՝ առանց վիզայի մուտքը Շենգենյան գոտու 26 երկրներ, հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Հանձնաժողովի աղբյուրներին:
SchengenVisaInfo.com-ը ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցը կվերանայվի հոկտեմբերին` Թուրքիայի եւ ԵՄ պաշտոնյաների հանդիպման ժամանակ:
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչիի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումից բացի՝ կողմերը քննարկելու են նաեւ միգրացիայի, ներքին գործերի եւ անվտանգության հարցեր: «Մենք նաեւ կվերլուծենք՝ կարո՞ղ ենք նորովի դիտարկել Թուրքիա-ԵՄ միգրացիոն խնդիրը», — ասել է Քայմաքչին՝ նշելով, որ Թուրքիայում միգրանտներին եւ փախստականներին միջոցներ տրամադրելը խնդրի լուծում չէ:
Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի մուտքի հնարավորություն տալու գործընթացը սկսվել է 2013 թվականի վերջին՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Գործընթացը դեռ ավարտված չէ, քանի որ Թուրքիան չի կարողացել բավարարել վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզում նշված 72 չափանիշներից հինգը:
Այս պահին պետք է բավարարվեն հետեւյալ հինգ չափանիշները.
պայքար կոռուպցիայի դեմ,
անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ԵՄ օրենսդրության պահպանում,
Եվրոպոլի հետ օպերատիվ համագործակցության մասին համաձայնագրի կնքում,
քրեական գործերով անդամ պետությունների արդյունավետ դատական համագործակցություն,
հակաահաբեկչական օրենսդրության եւ գործելակերպի վերանայում ահաբեկչության դեմ պայքարում` ԵՄ չափանիշներին համապատասխան:
2016 թվականի մարտին ԵՄ երկրների եւ Թուրքիայի ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել դադարեցնել Թուրքիայից Հունաստան անօրինական միգրացիան: Համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն խոստացել է Թուրքիային արագացնել վիզաների ազատականացման գործընթացը՝ «Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների պահանջները չեղարկելու նպատակով ամենաուշը մինչեւ 2016 թվականի հունիսի վերջ»: