Փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները

Զախարովային ուղղվել էր հետևյալ հարցը․«Օրերս Լեռնային Ղարաբաղում, փաստորեն, ռուս խաղաղապահների աչքի առաջ, ադրբեջանցի դիպուկահարը կրակեց ու սպանեց իր այգում աշխատող քաղաքացիական անձին: Ինչպե՞ս է Ռուսաստանը ծրագրում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովող իր խաղաղապահ առաքելության շրջանակներում կոչ անել Ադրբեջանին՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Իրենց պատասխանատվության ոլորտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասել է Զախարովան:
Զախարովան ասել է, որ այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման կարևորությունը:
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ գրգռող հանգամանքները, փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները», - ընդգծել է Զախարովան: