Ադրբեջանցիները Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որ հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը և Սյունիքի կապը ՀՀ-ի հետ չեզոքացնել

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական ուժերն ու փորձագետները, մասնագետները չպետք է վարանեն հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, բարձրաձայնել, որ հակամարտությունը լուծված չէ, իսկ Ադրբեջանն ունի հեռահար նպատակներ։ Հանրության համակերպվողի կեցվածքը, ըստ քաղաքագետի, հարկավոր է փոխել և արմատավորել սեփական իրավունքներին հետամուտ լինելու գիտակցումը՝ ինչպես Սյունիքին և Արցախին, այնպես էլ ամբողջ Հայաստանին վերաբերող հարցերում։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ Սյունիքի խնդիրն առանձին դիտարկելը ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանն իր հեռահար ծրագրերն իրականացնելիս կոնկրետ գործողություններ է անում։
«Նրանք Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը և Սյունիքի կապը ՀՀ-ի հետ ամբողջ տարածքով չեզոքացնել։ Այս խնդիրներն իսկապես գլոբալ են և հեռուն գնացող», - ասաց քաղաքագետը՝ հորդորելով չկենտրոնանալ միայն այս պահին առկա վտանգը չեզոքացնելու վրա, դիտարկել թշնամու ընդհանուր քաղաքականությունից բխող գլոբալ վտանգները։