ՌԴ-ի հետ ռազմական ուժով աշխարհում կարող է մրցել միայն ԱՄՆ-ն.հայ-ռուսական զորավարժությունները պատասխան են չափերն անցած թուրք-ադրբեջանական տանդեմին
Ի տարբերություն Իրանի, որը մի փոքր շտապեց, Ռուսաստանը դիտորդի կարգավիճակով սպասեց և նոր միայն Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ սկսեց։ Տեսնելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չափերն անցնում է, իսկ Էրդողանի հռետորաբանությունը՝ գնալով սրվում, Ռուսաստանն այժմ փորձում է ցույց տալ, որ հայ-ռուսական համատեղ զորավարժություններն ուղղված են այդ երկու ուժերի դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Ռուսաստանի հետ ռազմական ուժով աշխարհում կարող է մրցել միայն Միացյալ նահանգները, հետևապես համարժեքության տեսակետից հայ-ռուսական զորավարժությունները գերազանցում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Այստեղ նույնիսկ համեմատականներ չի կարելի անցկացնել»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ թեկուզ Թուրքիան ևս գերտերություն է, սակայն ռազմական ուժի տեսանկյունից չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը և Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի զորամիավորումները․ ներգրավված են նաև ուժեղացված ստորաբաժանումներ։