Բաքվում դասական գլխապտույտ է տեղի ունեցել հաջողություններից.Այժմ պատերազմը Հայաստանի տարածքում է. այնտեղ բավական կլինի ռուսական բազայի անձնակազմը, եթե, իհարկե, Փաշինյանը դադարի խաղալ...

Պարբերականի հետ զրույցում ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության բաժնի դոցենտ Գևորգ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ սահմանային լարվածությունը կարող է հանգեցնել պատերազմի:
«Հարցն այստեղ ադրբեջանական ղեկավարության տրամադրվածությունն է: Բաքվում դասական գլխապտույտ է տեղի ունեցել հաջողություններից: Թուրքերի, սիրիացի ահաբեկիչների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի «անատամության» օգնությամբ հաղթելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում՝ Իլհամ Ալիևը կարծում է, թե կարող է ավելին ստանալ, քան Ղարաբաղի մի հատվածն է: Նա սկսել է հավակնել հենց Հայաստանի տարածքին և նույնիսկ զորքեր է մտցրել այնտեղ՝ օգտվելով Փաշինյանի այն նույն «անատամությունից»: Հետևաբար, այսօրվա դրությամբ հայերի համբերության բաժակը լցվել է, և մարտական գործողություններ են սկսվել»,- նշում է Միրզոյանը:
Անդրադառնալով «հայրենիքը պաշտպանելուն» պատրաստ լինելու Փաշինյանի կոչերին՝ փորձագետը նշել է հետևյալը. «Փաշինյանը հասկանում է, որ հայկական տարածքի անեքսիան կհարվածի իր քաղաքական հեռանկարներին: Չէ՞ որ մի բան է հանձնել Ղարաբաղը, որը հայ հասարակության մի մասն, այնուամենայնիվ, մի քիչ օտար է համարում, այլ բան է Ադրբեջանին տալ հայկական պետության մի մասը: Եվ եթե Փաշինյանը, թեկուզ և Ռուսաստանի օգնությամբ, կարողանա պահպանել այդ տարածքը, նրա վարկանիշն իրականում կբարձրանա»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է պատերազմի Միրզոյանն ասել է. «Հայաստանը պատերազմին պատրաստ է, սակայն հարց է՝ պատրաստ է արդյոք Փաշինյանը»: «Չէ՞ որ խոսքն անպայմանորեն Ադրբեջանի դեմ ռազմական հաղթանակի մասին է, ինչը ոչ միայն կսթափեցնի Ալիևին, այլև կոգեշնչի Ռուսաստանին հակամարտությանը ներգրավվել ՀԱՊԿ-ի դաշնակցի կողմից: Ներգրավվել, հիշեցնեմ, կարելի է և պետք է միայն այն դեպքում, եթե Մոսկվան վստահ լինի, որ Երևանը չի գործի իր մեջքի հետևում և չի դավաճանի: Պուտինը չի կարող և չպետք է լինի ավելի մեծ հայ վարչապետ, քան հայ վարչապետն է»,- եզրակացնում է մասնագետը:
Անդրադառնալով խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին զրույցներին՝ Միրզոյանը նշել է, որ դա նպատակահարմար չի լինի:
«Խաղաղապահ առաքելության ընդլայնում այլ երկրների հաշվին չի լինի: Ո՞ւմ պետք է այնտեղ ուղարկեն՝ ռուսներին օգնելու. թուրքերի՞ն, թե՞ ֆրանսիացիներին: Ուժերը բավարարում են: Մանդատը չի բավարարում. այն համաձայնեցված չէ, այդ իսկ պատճառով խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գտնվում են ժամանակավոր՝ առանց հիմնավոր դրույթների: Բացի այդ, ռուսական ղեկավարության մոտ պակասում է ըմբռնումն այն հաշվով, որ Ադրբեջանի ռազմական սադրանքները Ղարաբաղում հարվածում են ռուսական շահերին: Նաև չի բավարարում նորմալ ռուսամետ կառավարությունը Հայաստանում»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
«Սակայն դա Ղարաբաղն է: Այժմ պատերազմ է ընթանում Հայաստանի տարածքում: Իսկ այնտեղ բավական կլինի ռուսական ռազմաբազայի անձնակազմը: Եթե, իհարկե, Փաշինյանը դադարի խաղալ և պաշտոնապես դիմում ներկայացնի ՀԱՊԿ-ին»,- շեշտում է քաղաքագետը:
Պարբերականի հետ զրույցում Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը վստահություն է հայտնել, որ «ամենայն հավանականությամբ, դեռևս նույնպիսի մասշտաբային ռազմական գործողություններ, ինչպես 2020 թվականի աշնանը, տարածաշրջանում տեղի չեն ունենա»:
Փորձագետը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանը կամ Թուրքիան պատրաստ են միջամտել նոր պատերազմին, եթե այն բռնկվի:
«Դժվար թե հիմա ռուս զինվորականներին ուղարկեն համակարտության մասնակցելու: Ավելի շուտ, Ռուսաստանը այնպիսի գործիքներ կգործարկի, որոնք չեն ենթադրում զինվորականների մասնակցությունը գործողություններում, որպեսզի կանգնեցնի հակամարտության հետագա սրումը: Թուրքիային ևս այս պահին ձեռնտու չէ լիակատար ներգրավվածությունն Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությանը, հատկապես՝ հաշվի առնելով Անկարայի ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակի նկատմամբ: Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս հենց Սիրիայում տիրող իրավիճակին է զգալի ուշադրություն դարձվել Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարարա Հուսուլի Աքարի հանդիպմանը:
tert.am