Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 նոյ 2021 12:40

Մարտական գործողություններից 1 շաբաթ անց հարազատները որևէ լուր չունեն անհետ կորած զինծառայողների մասին. Ոչ մի բան էլ չգիտեն, մեզանից են տվյալներ վերցնում

Սյունիքում մարտական գործողություններից մեկ շաբաթ անց հարազատները որևէ լուր չունեն անհետ կորածների մասին։ Չգիտեն՝ նրանք ո՞ղջ են, գերեվարվա՞ծ, թե՞... Պետական կառույցներից որևէ մեկը հստակ բան չի ասում, զինծառայողների անհայտ կորելու հանգամանքներն էլ պարզ չեն։


Զինծառայողների ընտանիքների անդամներն իրենց օրն անցկացնում են պետական մարմիններին դիմելով ու ադրբեջանական լրատվամիջոցները, սոցկայքերը քրքրելով։


Անհետ կորած պայմանագրային զինծառայող Ս. Խ.-ի եղբորը երեկ ուշ երեկոյան ադրբեջանական յութուբյան ալիքի մի նոր տեսանյութ են ուղարկել, որը հրապարակվել է նոյեմբերի 22-ին։ Տեսանյութի դիմերեսին եղբորից մի լուսանկար կա, հնչում են անհետ կորածի ու նրա ծառայակիցների անունները, նրանց զորամասի գտնվելու վայրը, զոհված Գուրգեն Սարգսյանի անունը։

Ընտանիքն այն տեսնելով կարծում է, թե Ս.-ն գերեվարված է։ Տեսանյութն ուղարկել են ադրբեջաներեն տիրապետող մասնագետի՝ հասկանալու, թե ինչ են ասում թշնամի երկրում եղբոր մասին։


«Նկարում հաստատ ինքն է, դիմագծերը, մազերը, քիթը... իր թրաշը խիտ է։ 99 տոկոսով ինքն է՝ սանրվածքը։ Բայց որ միացնում ենք վիդեոն, նկարը չկա, անուն-ազգանունն են տալիս։ Վիդեոյից ենթադրում ենք, որ գերեվարված է։ Այդպես է դուրս գալիս...»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է անհետ կորածի եղբայրը՝ Արտակը։


Նրա խոսքով, եղբոր պես անհետ կորած են  նրա չորս ծառայակիցները։ Ս. Խ-ն պայմանագրային զինծառայության էր անցել 2019-ին։ Նոյեմբերին Սյունիք են տեղափոխվել Լոռիում տեղակայված զորամասերից մեկից։


«Պաշտպանության նախարարությունից ասում են՝ դիմումը տվել ենք, սպասում ենք Ադրբեջանից լուրի։ Բոլոր տեղերում նույն բանն են ասում։ Ոչ մի բան էլ չգիտեն, մեզանից են տվյալներ վերցնում»,-նշում է եղբայրը։


Հիշեցնենք, որ Հայաստանի սուվերեն տարածքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհերի, գերեվարվածների, անհետ կորածների, վիրավորների հստակ թիվը հայտնի չէ։


Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին հայտարարել էր՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ավելի ուշ ՊՆ-ն հրապարակեց վեց զոհվածի անուն։


Ուշագրավ է, որ «ինտենսիվ աշխատանքների» արդյունքում մարտական գործողություններից  յոթ օր անց անհետ կորած որևէ զինծառայող չի հայտնաբերվել։


Նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: ԱԻՊԾ-ից նշել էին, նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր