Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

02 դեկ 2021 12:03

«Սև նշան» է ուղարկվել Ալիևին.եկել է ժամանակը, որ իրանցիները վերադարձնեն իրենց պատմական հայրենիքի ադրբեջանական այն կտորը, որը պոկվել է «չարամիտ ռուս ցարերի» կողմից

svpressa.ru–ն գրում է, որ Թեհրանի «Shargh» թերթը, որին աջակցում են այաթոլլայի ռեժիմի ազդեցիկ բարեփոխիչ–հոգևորականները, «սև նշան» է ուղարկել Ալիևին։ Թերթը գրում է. «19-րդ դարում Ռուսական Կայսրության մեջ բռնակցվելուց հետո Հյուսիսային Ադրբեջանը պետք է վերամիավորվի «իրանական հայրենիքին»»։ Ինչպես գիտեք, մինչև 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմները Ադրբեջանի խանությունը դե յուրե եղել է ներկայիս Իրանի կազմում։ Նաև նշենք, որ Արաքս գետից հյուսիս գտնվող ներկայիս Ադրբեջանի տարածքները մինչև Ռուսաստանի կազմի մեջ մտնելը հայտնի չէին Ադրբեջան անունով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհի քարտեզի վրա առաջացել է միանգամայն նոր պետություն՝ առանց անկախության փորձի, բայց պահարանում պահված պատմական կմախքով:


Մինչդեռ և՛ Բաքվում, և՛ Թեհրանում այդ նախկին խորհրդային հանրապետությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է կոչվում Հյուսիսային Ադրբեջան։ Այժմ, ըստ այաթոլլայի ռեժիմի, հզոր Ռուսաստանին այդ նախկին պարսկական գավառը պետք չէ։ Մոսկվան Բաքվի նկատմամբ բացահայտ դիսֆունկցիոնալ քաղաքականություն է վարում, ինչի վկայությունն է Ալիևի և Էրդողանի մերձեցումը։ Այսպիսով, ինչպես գրում է «Shargh»-ը, եկել է ժամանակը, որ իրանցիները վերադարձնեն իրենց պատմական հայրենիքի ադրբեջանական այն կտորը, որը պոկվել է «չարամիտ ռուս ցարերի» կողմից։ Ընդ որում, դա պետք է «ճիշտ» անել, քանի որ արտաքին սպառնալիքը, ընդհակառակը, ադրբեջանցիներին կհավաքի Ալիևի շուրջ։ Այդ իսկ պատճառով Թեհրանը հրաժարվել է ուժ կիրառել, թեև ոչ վաղ անցյալում ադրբեջանական սահման էր բերել այնքան զորք, որը բավական կլիներ մեկ շաբաթում գրավել կովկասյան այդ պետությունը։


Հիշեցնենք, որ երկու հարևան երկրների հարաբերությունները սրվել էին երկու իրանցի վարորդներին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» համար ձերբակալությունից հետո։ Բայց, հաշվի առնելով այաթոլլայի ռեժիմի ակնհայտ ռազմական գերազանցությունը, ըստ իրանցի բլոգերների, Ալիևը ոչ միայն ազատել է ձերբակալվածներին, այլ նաև, իբր, խնդրել է իսրայելցիներին լքել Սիտալչայ բազան: Դրանից հետո Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը թուլացել է, ինչպես նաև թուլացել է Ալիևի և Ռաիսիի թշնամական հռետորաբանությունը: Իրականում երկու երկրների դիրքորոշումները չեն փոխվել։ Ադրբեջանը, ոգևորված Հայաստանի նկատմամբ անսպասելի հեշտ հաղթանակից, առաջ է մղում Թուրքիայի հետ դե ֆակտո միավորման իր գիծը։ Նպատակը մեկն է. այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի («Սյունիքի միջանցք») ստեղծում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։ Առանց դրա Արցախյան պատերազմը չի կարելի լիովին հաղթական համարել։ Սակայն առայժմ այն ամենը, ինչ կարողացել են անել ադրբեջանցիները, այն է, որ գրավել են Սև լճի մոտ մի քանի քառակուսի կիլոմետր վիճելի տարածք։


Դա նշանակում է, որ մեկուսացած կմնա Նախիջևանի անկլավը, որն ունի թուրքական սահմանի մի փոքր հատված: Ավելին, այնտեղ ապրում են ջաֆարական մադհաբի շիա մահմեդականներ, այսինքն՝ տարածքը փաստացի վերահսկվում է իրանցի հոգևորականների կողմից։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանից կարելի է ակնկալել ազգային շահերի նկատմամբ ցանկացած դավաճանություն, ինչպես դա եղել է Արցախյան տապալված պատերազմի ժամանակ։ Բայց նույնիսկ նա չի հանձնի հարավային Հայաստանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես որ կար, այնպես էլ կմնա առանց Թուրքիայի իրական ռազմական աջակցության։ Բացի այդ, Էրդողանը, ինչքան էլ Ալիևը ցանկանա, ամենազոր չէ։ Թյուրքական աշխարհի առաջնորդն ունի իր «կարմիր գծերը»: «Թուրքիան հասկանում է, որ Իրանը կարող է օգտագործել իր կապերը Քրդական աշխատավորական կուսակցության հետ Անկարայի դեմ։ Խելամիտ կլինի, որ Բաքվի քաղաքական գործիչները գիտակցեն թուրքական աջակցության սահմանները Թեհրանի հետ ցանկացած ապագա հակամարտությունում»,- գրել է քաղաքագետ Էլդար Մամեդովը: ԱՄՆ-ի և Իսրայելի հետ քաղաքական մարտերում թրծված փորձառու հոգևորականները հստակ են ուրվագծել իրենց ծրագրերը. Թեհրանը մասնակցելու է դեպի Հայաստան այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։




Իրանական կողմը Երևանում է, որպեսզի լուծի «Tattoo» կոչվող տարանցիկ ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրները։ Դա նաև նշանակում է, որ այաթոլլայի ռեժիմը Ալիևին և նրա կառավարությանը ներառել է իրենց մահացու թշնամիների ցուցակում (նրանց մոտ պարզապես այլ կերպ չի լինում), ինչը, հաշվի առնելով Ադրբեջանում շիա հզոր կրոնական համայնքի առկայությունը, լավ բան չի խոստանում ներկայիս տեղական էլիտային: Ինչպես նշում է Eurasia Review կայքը, «այդ երկրում շիաների և սուննիների պառակտումը շատ ավելի ուժեղ է, քան շատ արտաքին դիտորդներ են պատկերացնում. բնակչության մոտ 60 %-ը շիաներ են, իսկ 40 %-ը՝ սուննիներ»։ Այո, խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունը հանգեցրել է նրան, որ պաշտոնական Բաքուն իր պետությունը հռչակել է աշխարհիկ պետություն։ Այնուամենայնիվ, Eurasia Review-ը նշում է, որ ադրբեջանցիներից շատերը մզկիթներն անվանում են «թուրքական» կամ «իրանական», այլ ոչ թե սուննի կամ շիա: Հավելենք նաև, որ Իրանը մեծ փորձ ունի իրանամետ վստահված ուժերի ձևավորման գործում։




Թեհրանին հաջողվել է դուրս մղել սուննիներին հարևան Իրաքից՝ չնայած հարուստ ամերիկացիների կողմից նրանց մեծ աջակցությանը: Իսկ Հեզբոլլահը փաստացի վերածել է Լիբանանը Միջերկրական ծովի ափին գտնվող իրանական անկլավի: Գումարած՝ Եմենն ու Սիրիան նույնպես իրենց համարում են շիա գոտու մաս: «Միջազգային օստրակիզմի տասնամյակների ընթացքում Իրանը զարգացրել է ասիմետրիկ պատերազմի շատ մեծ հմտություններ, - ասել է Էլդար Մամեդովը, - այն փաստը, որ Թեհրանն այսօր Ադրբեջանում ունի վստահված անձերի կամ դաշնակիցների պակաս, չի նշանակում, որ նա չի շարունակի փորձել իր վերահսկողության տակ առնել այդ պետությունը: Իրանը պարզապես հարմարվում է տեղի քաղաքական դաշտին, որը տարբերվում է Լիբանանից կամ Իրաքից»: Այս ամենի հետ դժվար է չհամաձայնել թեկուզ միայն այն պատճառով, որ անգամ իրանական Ադրբեջանում են աճում Ադրբեջանին Իրան վերադարձնելու տրամադրությունները։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր