Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

15 դեկ 2021 11:02

Ալիեւի հնչեցրած «միջանցք` միջանցքի դիմաց» մոտեցումը մարտահրավերներով է հղի Եվրոպայի եւ ՌԴ-ի համար.ավելի գլոբալ խաղ է գնում` Թուրքիայի մասնակցությամբ

Ադրբեջանի «միջանցք` միջանցքի դիմաց» մոտեցումը լուրջ մարտահրավերներով է հղի Ռուսաստանի եւ Եվրոպայի համար, եւ դա անընդունելի է Արցախի Հանրապետության համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։


«Ադրբեջանի դիրքորոշումը կանխատեսելի է: Մենք սպասում էինք այսպիսի մոտեցման, քանի որ այլ բան սպասել հնարավոր չէ: Ադրբեջանը նման գործողություններով փորձում է ամբողջությամբ խեղդել Արցախը: Բայց հարցը միայն Արցախում չէ. ավելի գլոբալ խաղ է գնում։ Բնականաբար` Թուրքիայի մասնակցությամբ։ Ի՞նչ է նշանակում անխոչընդոտ հաղորդակցություն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքով։ Դա ինքնիշխանության կորուստ է տարածքների որոշակի գծերի նկատմամբ։ Այսօր մի «միջանցք» կլինի, վաղը՝ մյուսը։ Չէ՞ որ Մեղրի էլ չեն ասում, ասում են Զանգեզուրի։ Զանգեզուրում կարող է լինել մի քանի «միջանցք»: Արդեն հայտնվել է «միջանցքի» առնվազն երկու հիշատակում` երկաթգիծ Մեղրիով եւ ավտոճանապարհ Սիսիանով։ Այսպիսով, ի՞նչ է փորձում անել Ադրբեջանը։ Նախ՝ ամբողջությամբ մասնատել Հայաստանը։ Ստացվում է, որ Հայաստանը կորցնում է վերահսկողությունն իր տարածքի մոտ մեկ երրորդի նկատմամբ։ Սյունիքի նկատմամբ եւ` ոչ միայն: Դա նշանակում է, որ Հայաստանը «պոկվում» է Իրանից։ Սյունիքն ամբողջությամբ շրջափակված է՝ լրիվ անկլավային դիրքում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, քանի որ իրականում սահման չի ունենա Հայաստանի հետ, քանի որ եթե ադրբեջանցիներն ու թուրքերն «անարգել անցնում են», վաղն այնտեղ զորքեր կմտցվեն՝ «ազատ անցում» ապահովելու համար, նախ` բեռների եւ ապրանքների, վաղը` զինտեխնիկայի, բանակի եւ այլնի։


Դա ամբողջությամբ կփոխի իրավիճակը տարածաշրջանում։ Բնականաբար, Նախիջեւանը Քարվաճառի հետ կապելը Արեւելյան Անդրկովկասի ամբողջական ներառում կնշանակի, քանի որ Ադրբեջանն արդեն դե ֆակտո Թուրքիայի մաս է եւ Թուրքիայից մեծապես կախված տարածք, եւ ներկայիս իմաստով Հայաստան որպես այդպիսին չի լինի։ Որովհետեւ Սյունիքն էլ ամբողջությամբ կկլանվի։ Էլ չեմ խոսում Արցախի մասին։ Այս ամենը խորը փոխակերպումների կհանգեցնի` նրան, որ Հյուսիսային Կովկասում, Վոլգայի տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում սարսափելի, անկանխատեսելի գործընթացներ կսկսվեն։ Այսինքն՝ սա իրականում Էրդողանի «ճանապարհային քարտեզն է», որը նրա կողմից հնչեցվեց «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցչի հետ միասին։


Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից ցանկացած վերահսկողության սահմանում Ղարաբաղին խեղդել կնշանակի: Հետեւանքը կլինի ցեղասպանությունն ու բնակչության տեղահանությունը։ Երկու ելք կմնա. կամ նորից պատերազմ կլինի, կամ Արցախում ոչ մի հայ չի մնա: Արցախի կորուստը մեխանիկորեն Զանգեզուրի, Սեւանի կորուստ կնշանակի եւ ընդհանրապես՝ հայոց պետականության կործանում։ Սրանք այն գործընթացներն են, որոնք Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են իրականացնել հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարի համատեքստում։ Նման համատեքստում դա բնականաբար չի կարող ընդունվել։


Հուսով ենք, որ նման գործողությունները համարժեք գնահատական ​​կստանան միջազգային հանրության կողմից։ Այդ գործողություններն ուղղված են նաեւ այլ երկրների՝ Ռուսաստանի եւ խաղաղապահ առաքելության, ռուսական պետության ամբողջականության դեմ։ Ժամանակի ընթացքում այդ սպառնալիքը կշրջվի Եվրոպայի դեմ։ Թուրքիան այժմ 1930-ականների Գերմանիայի դերում է, երբ իշխանության եկավ Հիտլերը։ Այն ժամանակ եւս շատ ուժեր սիրախաղում էին Հիտլերի հետ։ Բայց բոլորը տուժեցին։ Նույնը կլինի այս դեպքում, նույնիսկ` ավելի վատ։ Ուստի պետք է հանգիստ մոտենալ տեղի ունեցողին, խուճապի չմատնվել, կանխել Ադրբեջանի սադրանքները։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի նման արկածախնդրությունները կարող են ընդունելի լինել համաշխարհային եւ տարածաշրջանային առաջատար տերությունների կողմից։ Մենք ի սկզբանե հայտարարում ենք, թե ինչով է հղի նման մոտեցումը, եւ մեզ համար դա անընդունելի է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր