Արմեն Սարգսյանն ունի իր ծրագիրը, որի ճանապարհով Նիկոլ Փաշինյանի հետ համահունչ քայլում է

«Շատերի մոտ զարմանք առաջացավ, երբ պահանջեցինք Արմեն Սարգսյանի հրաժարականը եւս, սակայն եթե պահանջում ենք Նիկոլ Փաշինյանինը, իսկ Արմեն Սարգսյանինը՝ ոչ, ապա ոչինչ չի փոխվի: Եթե դուք նախկիններին ատում եք, Արմեն Սարգսյանը նախկին է, բայց Արմեն Սարգսյանը նախկինների հետ կապ չունի: Ինքն ունի իր ծրագիրը, որի ճանապարհով Նիկոլ Փաշինյանի հետ համահունչ քայլում է: Այս մարդկանց հրաժարականին հասնելու համար մենք պետք է միասնական լինենք»,- նշեց նա:
Դրանից հետո, ըստ շարժման ծրագրի, երկու ճանապարհ կա՝ անցկացնել նոր ընտրություններ կամ ձեւավորել ժամանակավոր կառավարություն:
«Մեխանիզմը պարզ է: Վարչապետը հրաժարական է տալիս, Կառավարությունն էլ համարում է հրաժարական տված: Ազգային ժողովը ձեւավորում է Կառավարություն, որը պետք է անցկացնի նոր ընտրությունները: Երկրորդ տարբերակում անցումային կառավարություն է ձեւավորվում՝ մոտ մեկ տարի ժամկետով: Այս կառավարությունը պետք է գործարկի բարեփոխումների նախագիծ, կազմի Սահմանադրության փոփոխությունների փաթեթ, կազմակերպի հանրաքվե եւ ընտրություններ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ այս երկու դեպքերում էլ կառավարության անդամները պետք է ունենան յոթ կարեւոր սկզբունքներ:
«Հայաստանի ինքիշխանության պահպանում, Արցախի ինքնորշման ճանաչում, ցեղասպանության միջազգային ճանաչման սատարում, բանակի հզորացում, Հայ առաքելական եկեղեցու բացարձակ առաքելության սատարում, արժեքների պահպանում, կոռուպցիայի վերացման ուղղությամբ իրական քայլերի իրականացում»- ընդգծեց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ շատ կարեւոր է ընդդիմության միասնական պայքարը. «Մենք որեւէ խտրականություն չենք դնելու ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելիս»: