Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

12 հուն 2022 14:03

Լավ, հետ քաշեցինք մեր զորքը, բա հետո՞... Ադրբեջանի կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են, շղարշ, մենք ո՞ւր պետք է քաշվենք

«Հայաստանում գործող պետական քաղաքականությունն ընթանում է  սխալ ուղղությամբ և  անտեսում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին բոլոր խախտումների իրական պատճառը, իրական աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի  պետական քաղաքականությունն է։

«Սա ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, այլ սա երկար տարիների կյանքում կենսագործվող պետական քաղաքականություն է։

Այս քաղաքականությունը չի վերջանալու, քանի որ այս քաղաքականությունը  ադրբեջանական իշխանությանների քաղաքական կայնքի, քաղաքական սնուցման աղբյուրն է, իրենց պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է։ Դրա համար սա նպատակային քաղաքականություն է՝ արմենաֆոբիայի մեջ պահել սեփական ժողովրդին, շեղել սեփական ժողովրդին սեփական խնդիրներից։ Այնպիսի համակարգ  է ստեղծված, որն ամբողջությամբ ոտնահարում է  մարդու իրավունքների ու ժողովրդավարության համակարգը։ Այս ամեն ինչը հիմնավորվում է  ապացույցներով»,- ասաց Ա. Թաթոյանը։

ՄԻՊ խոսքով, քանի այս բոլոր գործոնները կան, Ադրբեջանի կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են, շղարշ են միջազգային հանրության համար։

«Երբ մենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունենք, ավելի  մեծ պրոբլեմների մեջ կարող ենք հայտնվել։ Այս առումով նշեմ, որ գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված  ծառայողների հեռացումն է, որը  պետք է հիմնավորենք  մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Անդրադառնալով երեկ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, Ա. Թաթոյանն ասաց, որ այնտեղ կար հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման գաղափարը, ինչը, ըստ ՄԻՊ-ի, մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։

«Կարծում եմ՝ սա սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում է, որը մարդու իրավունքների  պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է։ Հարց է առաջանում՝ մենք ո՞ւր պետք է քաշվենք, որտեղի՞ց պետք է քաշվենք։ Ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցում է մեր քաղաքացիների տների մեջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։

Այս մոտեցումը հաշվի չի առնում մարդու իրավունքները։ Լավ, հետ քաշեցինք, ինչպե՞ս ենք թողնում մարդկանց այդ վիճակում, այն էլ երբ  ադրբեջանական կողմից  ընդհանրապես քաղաքացիական բնակավայր չկա։

Ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, ավելին՝ դելիմիտացիա, դեմարկացիա էլ ընդհանրապես տեղի չի ունեցել։

Ամենայն վստահությամբ ասում եմ՝ մենք պետք է մարդու իրավունքների փաստերը հիմք վերցնենք, հիմնավորենք դրանով»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա հարցադրում արեց՝ զորքերի  հայելային հետքաշումը  ինչպե՞ս է վերականգնելու մարդկանց բնականոն կյանքը, մարդիկ, որ իրենց հողերը կորցրել են, չեն կարողանում օգտագործել,  արդյո՞ք վերադարձվելու են իրենց։

«Գլխավոր հարցերն այստեղ են։ Հետևաբար խոսքը վերաբերում է  ադրբեջանական զինված ծառայողների հեռանալուն»,- ասաց Ա.Թաթոյանը։

Նրա խոսքով, իր միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ այս առաջարկը  կստանա նաև լայն միջազգային աջակցություն, քանի որ սա ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և մարդու իրավունքների ոլորտի կազմակերպությունների առաջարկած չափանիշների հիման վրա է։

«Հարց է բարձրացվում՝ արդյո՞ք իրատեսական է, քաղաքական տեսանկյունից կհեռանա՞ն թե՞ ոչ։ Այո, որովհետև այս առաջարկի դեպքում երբևէ չի ասվում, որ իրենց  հեռանալու պարագայում ապառազմականացված անվտանգության գոտի ունենալու դեպքում այն դառնում է  Հայաստան կամ Ադրբեջան, ասում ենք՝ դառնում է չեզոք գոտի, որ մարդիկ կարողանան ապրեն, շնչեն, իրենց անվտանգությունն ապահովեն։

Դա կորոշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, բայց այդ բանակցությունները կարող են տևել  10-20 տարի։ Ի՞նչ է նշանակում, այդքան ժամանակ մեր բնակիչները  պետք է զրկանքներ կրե՞ն։ Բա մեղք չի մեր ժողովուրդը, տանջվում է, ադրբեջանական զինված  ծառայողները, ճանապարհները փակելով, մեկուսացման, լրջագույն  հումանիտար խնդիրներ են առաջացրել մեր բնակիչների համար»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է մեր ռազմական, քաղաքական պաշտոնյաները  դադարեցնեն  սահմանային անվտանգության, մեր բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

«Բավական է, չի կարելի այս հարցերին բացառապես  ռազմական ու քաղաքական տեսանկյունից մոտենալ, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։

Ի՞նչ է նշանակում անվտանգություն։ Մեզ բոլորիս է չէ՞ վերաբերում, մարդուն է  վերաբերում, ինչպե՞ս կարող ենք  մարդուց կտրել  իր անվտանգությանը վերաբերող հարցերը։ Հետևաբար, մեր պետական քաղաքականության հիմքում պետք է դնենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։

Եթե մենք  շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրվենք նաև անվտանգությունից։ Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ այս մոտեցումները հնարավորություն կտան պաշտպանել նաև մեր զինվորներին, սահմանապահներին, ոստիկանության ծառայողներին, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին, քանի որ նրանք պաշտպանում են մեր բնակչությանը։

«Որքան շատ ռազմական ու քաղաքական տեսանկյունից այս հարցերը դիտարկենք, այնքան մեզ կտրելու ենք  մարդու իրավունքների, պաշտպանության քաղաքակիրթ միջազգային մեխանիզմներից»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր