Մեկ անգամ չէ, որ մեր ՊՆ-ն դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին. Ալիև

«Մեկ անգամ չէ, որ պաշտոնապես մեր դժգոհությունն ենք հայտնել «անօրինական այցերի» (չակերտները-Tert.am) կապակցությամբ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաև դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին։
Նման քայլեր են ձեռնարկվել Վալերի Պեկրեսի «անօրինական այցի» (չակերտները-Tert.am) ժամանակ (Ֆրանսիայի նախագահի թեկնածուի տարեվերջյան այցը Ստեփանակերտ-Tert.am)։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները) ուշադիր չեն եղել, տեղյակ չեն եղել, ասել են, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել և այլն։ Ես կասեմ այնպես՝ սրան դժվար է հավատալ: Այս այցելությունը կազմակերպված էր...
Նրա հետ եղել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն և ևս մեկ պատգամավոր։ Նրանք թաքուն գնացել են այնտեղ, իսկ նրանց այցելության լուրը հայտնի է դարձել միայն վերադարձից հետո։ Նրանք հավանաբար վախենում էին, որ մենք իրենց կկանգնեցնենք Լաչինի միջանցքում»,- ասել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ ռուս խաղաղապահները փորձում են այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ լքի իրենց պատասխանատվության տարածքը։
«Ռուս խաղաղապահները ցանկանում են մուտքն ազատ դարձնել և որոշակի խնդիրներ ստեղծել ելքի վրա։ Հեռացող մեքենաները կանգնեցնում են, վարորդներին հարցաքննում են, քանի որ չեն ուզում, որ մարդիկ այստեղից գնան։ Սա չի կարող պատահական լինել»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ չնայած վերոնշյալ պնդումներին, ինքը դրական է գնահատում խաղաղապահների աշխատանքը։
«Ոչ մի լուրջ միջադեպ չի եղել. միջադեպեր եղել են միայն հայ-ադրբեջանական սահմանին»,- եզրափակել է նա։